Արևմտյան Հայաստանի ԱԺ 2-րդ գումարման 7-րդ նստաշրջանում ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանի զեկույցին հաջորդեց Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանի ելույթ։ 

Նախագահը շնորհակալություն հայտնեց ներկա գտնվողներին և նշեց, որ Ազգային ժողովի աշխատանքների տեսագրման փաստը լույս է սփռում նիստի թափանցիկության և այնտեղ կատարվող աշխատանքների վրա, որոնց դերը շատ կարևոր է մեր պետականության ուժեղացման գործում։

Այնուհետև ներկայացրեց Արևմտյան Հայաստանի ԱԺ-ի ստեղծման ու կայացման ողջ ընթացքը։ 2003 թվականին մի խումբ հայրենասեր նվիրյալներ, այդ թվում՝ Ա․Աբրահամյանը, Ֆրանսիայում և Արցախում ձեռնամուխ են եղել կազմելու Ազգային խորհուրդ, որից անմիջապես հետո Ստեփանակերտում գրանցել են Արևմտյան Հայաստանի հայերի համագումար կազմակերպությունը՝ որպես մի գործիք պետության վերակառուցման  հետագա աշխատանքերը կազմակերպելու համար։ Ըստ էության՝ Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդն ու Արևմտյան Հայաստանի հայերի համագումարն իրարից անկախ մարմիններ են:

2011 թվի փետրվարի 4-ին ստեղծում են Արևմտյան Հայաստանի Կառավարությունը և այդ կառավարության հետ տարվում են աշխատանքներ՝ Ազգային ժողով ստեղծելու ուղղությամբ։ Արդեն ձևավորված ԱԺ ընտրություններում ընտրվում է Արևմտյան Հայաստանի Հանրապետւթյան նախագահ՝ ի դեմս Արմենակ Աբրահամյանի, ով  ընտրվելու պահից ցայսօր պաշտոնավարում է և ծառայում է իր հայրենիքի ոտնահարված իրավունքները՝ արդարության լույսի ներքո վերականգնելու սուրբ նպատակին։

Ա․ Աբրահամյանը հիշեցրեց, որ ըստ Սահմանադրության՝ նախագահն իրավունք ունի 2 անգամ պատգամավոր ընտրվելու։ Պատգամավորների այն պնդմանը, որ նախագահին  պետք է տալ հնարավորություն՝ ևս մեկ անգամ իր թեկնածությունն առաջադրելու համար, պարոն Աբրահամյանը, հավատարիմ մնալով Սահմանադրությանը,  համաձայնեց մի պայմանով, որ պատգամավորները տան իրենց համաձայնությունն ու վստահությունը՝ նախագահի դիմումի վերաբերյալ։

Պատգամավորներից շատերը ելույթ ունեցան՝ ի հավաստում իրենց վստահության և բոլորը միաձայն հայտնեցին իրենց դրական կարծիքն ու համաձայնությունը՝ հաջորդ ԱԺ ընտրություններում Արմենակ Աբրահամյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ։

Ա. Աբրահամյանը իր ելույթի ընթացքում անդրադարձավ վերջին 6 ամսում կատարված իրադարձություններին, պատմեց 1918 թվի մայիսի 26/27/28-ի ողջ ճշմարտությունը, նշելով, որ այն կապ չի ունեցել Արևմտյան Հայաստանի անկախության հետ, խոսեց Սարդարապատի ճակատամարտի մասին՝ շեշտելով հայրենասեր ժողովրդի գործոնը այդ հերոսամարտում, որը, սակայն չի համարում հաղթանակ: Խոսեց նաև մեծ հայորդի Պողոս Նուբարի հայրենանվեր աշխատանքի մասին: 

Նախագահ Արմենակ Աբրահամյանը կարևորեց մեր դերը՝ արդի աշխարհաքաղաքական փոփոխությունների հորձանուտում մեզ սպասվելիք խնդիրներին դիմակայելու և դրանց դեմ պայքարելու գործում, անդրադարձավ վերջերս հաճախ հիշատակվող սահմանազատման խնդրին՝ նշելով Արևմտյան Հայաստանի անհամաձայնությունը դրա կայացմանը: Այնուհետև ներկայացրեց իր կատարած աշխատանքները, որոնք կարող են լծակ հանդիսանալ միասնաբար պայքարելու այդ աղետի դեմ, մասնավորապես հիշատակելով բոլոր այն պայմանագրերը, որոնցով ճանաչվել են Արևմտյան Հայաստանի սահմանները:  Հիշեցնելով, որ մեծ տերությունները, խեղաթյուրելով պատմական փաստերը՝ փորձում են ջնջել հիշողությունը Արևմտյան Հայաստանի մասին, կոչ արեց գործի դնել բոլոր լծակները և մեր ձայնը լսելի դարձնել այդ փաստաթղթերով: Վերջում հավելեց, որ մենք հպարտ ենք, որ պաշտպանում ենք Հայաստանի Հանրապետության ամբողջականությունը՝ Արևմտյան Հայաստանի կազմում:

Ելույթի վերջում Արմենակ Աբրահամյանը՝ պատասխանելով ԱԺ նախագահի՝ Սահմանադրության մեջ հնարավոր փոփոխություններ մտցնելու վերաբերյալ  հարցին, հայտարարեց, որ ԱՀՀ Սահմանդրությունն ունի բաժիններ, որոնք փոփոխման ենթակա չեն, դրանք են. մեր պետության հիմքերի վերաբերյալ կետերը, ,այն բաժինները, որտեղ սահմանված  են մեր պետության դրոշը, օրհներգը, մեր ընդհանուր ինստիտուտների կազմը:

Փոփոխման կարող է ենթարկվել Սահմանադրության 70-րդ հոդվածի մի կետը՝ ըստ որի  նախկինում սահմանված  առավելագույնը 70 տարեկանի փոխարեն ԱՀՀ նախագահ կարող է ընտրվել առավելագույնը  80 տարին լրացած ԱՀՀ քաղաքացի: Այս առաջարկն ընդունվեց միաձայն:

Նախագահ Ա. Աբրահամյանից հետո ելույթ ունեցավ ԱՀՀ Վարչապետը, որը կներկայացնենք լուրերի հաջորդ թողարկման ընթացքում: