1456 անշարժ հուշարձան, այդ թվում՝ 161 վանք ու եկեղեցի, շուրջ 600 խաչքար․ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում մնացած հայկական գանձերը ոչնչացման սպառնալիքի տակ են։

Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը շեշտում է՝ բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի նպատակը հուշարձանների պաշտպանության համար երաշխիքների հասնելն է։

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ  անցկացվել է խորհրդի առաջին նիստը, խորհրդի կազմում բացի պետական մարմինների ներկայացուցիչներից նաև մասնագետ-փորձագետներ են, իրավաբաններ։

Պատերազմի ավարտից հետո արդեն իսկ բազմաթիվ փաստեր կան հավաքագրված ադրբեջանցիների կողմից արցախյան հուշարձանների պղծման վերաբերյալ՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, Կանաչ ժամ, Մեխակավանի եկեղեցի, Հադրութի Իշխան գյուղի, Կատարո վանքի խաչքարեր, Թալիշի, Մատաղիսի, Ավետարանոցի հուշահամալիրներ։

Գեղամ Ստեփանյանի տեղեկացմամբ, ողջ տեղեկատվությունը պետք է համակարգված դիտարկվի ու հասանելի դառնա միջազգային բոլոր կառույցների համար։