Փոքր երկրների համար, հատկապես նրանց, որոնք շրջապատված են թշնամական հարևաններով, առանցքային աշխարհաքաղաքական խնդիրն իրենց աշխարհաքաղաքական գործոն լինելու պահպանումն է:  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

«Աշխարհաքաղաքական գործոն լինելու կարևորագույն բաղադրիչներից է սկզբունքայնությունը։ Սկզբունքայնության և արժեքային բաղադրիչների բացակայությունը պետությանն ու ժողովրդին զրկում է աշխարհաքաղաքական ինքնավարությունից ու յուրահատկությունից։ Նման պետությունը դառնում է աշխարհաքաղաքական «խորտիկ» հարևանների, հատկապես սկզբունքային և հավակնոտ հարևանների համար»,-նշել է Բաբայանը գրառման մեջ՝ հավելելով, որ Արցախն ու Հայաստանը գտնվում են բարդ իրավիճակում, ինչն էլ ավելի արդիական է դարձնում աշխարհաքաղաքական գործոնի կարգավիճակի պահպանման և սկզբունքներին հավատարիմ մնալու հրամայականը։