Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական կեղծ հայտարարություններին Արցախի Հանրապետության վերաբերյալ:
«Տելեգրամ»-ի իր էջում Բեգլարյանը, մասնավորապես, գրել է.
«Այո, Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, որովհետև գոյություն ունի Արցախի Հանրապետություն, և դա միջազգային իրավունքի սուբյեկտ է, թեև պաշտոնապես միջազգայնորեն ճանաչված չէ:
Ադրբեջանի և Արցախի միջև հակամարտությունը չի կարգավորվել և չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը հաշվի չի առել Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման անկոտրում իրավունքը»,- գրել է Բեգլարյանը:
Արցախի պետնախարարի խոսքով՝ լավ կլիներ, որ Ալիևն ավելի շատ մտածեր Ադրբեջանի սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների բարեխիղճ կատարման մասին ՝ երաշխավորելով սեփական քաղաքացիների ՝ լեզգիների, թալիշների, ավարների, թաթարների և այլ փոքրամասնությունների իրավունքների ապահովումը, հայերի իրավունքների մասին «մտահոգվելու» փոխարեն։
«Գուցե, Ալիևը հանկարծ հիշի, թե ինչ է տեղի ունեցել Խորհրդային Ադրբեջանում ավելի քան 500 000 հայերի հետ, և արդյո՞ք Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում կա թեկուզ մեկ հայ»,- գրել է Բեգլարյանը:
(Խմբագրական)՝
Արևմտյան Հայաստանը դատապարտում է Ադրբեջանի նախագահի սանձարձակ հայատարարությունը, քանի որ Արցախը Արևմտյան Հայաստանի մաս է կազմում , և պատմականորեն կարող է միայն անկախ լինել որպես Հայաստան աշխարհի մի մաս և այն որև կերպ չի կարող համարվել Ադրբեջանական տարածք։ Սա բնիկ հայկական տարածք է, որտեղ ապրում և արարում են ծագումով հայեր, ովքեր նույն տարածքում կերտել են հազարամյակների պատմություն և մշակույթ, որի խոսուն վկան են մեր կոթողներն ու հուշարձանները։