Սա Հայաստան է … և վերջ:

Այսօր հայ մեծանուն հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի հիշատակի օրն է, ում Արևմտյան Հայաստանը հիշում է որպես   ազգային գաղափարախոսության տիտան և  հսկա, որին անհրաժեշտ է խորությամբ և հիմնովին ճանաչել: ԱՀՀ պատվիրակությունը հիշատկի օրը այցելեց և ծաղիկներ խոնարհեց հրամանատարի կիսանդրու առջև։

Ազգալդյանը իր մեջ պարփակում էր անցյալի մեր երևելիների բնավորության ուժեղ գծերը և մեր ազգի քաղաքակրթական հզոր կոդը: Լ.Ազգալդյանը տաղանդավոր գիտնական էր, ռադիոֆիզիկոս, գյուտարար և հմուտ ռազմական գործիչ: 

1988թ. ազգային զարթոնքը Լեոնիդն ընկալեց որպես հայրենիքին անմնացորդ նվիրվելու հրաշալի մի հնարավորություն և մխրճվեց փոթորկալի իրադարձությունների հորձանուտը: 1990թ. նա «Անկախության բանակի» հրամանատար էր՝ քաջ գիտակցելով, որ միայն զենքով կարելի է իրականացնել հայրենիքն ազատագրելու գաղափարը։

Հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը մտածում էր նաև Արևմտյան Հայաստանի մասին, նա Կիլիկիայի հպարտ  կամավորների շարունակողն  էր, ովքեր պայքարում էին Կիլիկիան ազատագրելու համար։ Միակ տարբերությունը այն է, որ   հրամանատարը չի պայքարել  դրոշի համար, նա կռվել է հայ ժողովրդի և հայրենիքի ազատագրման համար:

Լեոնիդ Ազգալդյանը զոհվեց 1992 թվականի հունիսի 21-ին Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով,«Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչումով :