ԱՀՀ մի խումբ պատգամավորներ՝ նախագահ Ա. Աբրահամյանի գլխավորությամբ շարունակում են աշխատանքային այցը Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններ։ Այցը  գնահատվում է արդյունավետ, քանի որ այն ուղեկցվում է  պատմական մի շարք փաստերի բացահայտումներով։

Հունիսի 18-ին ԱՀՀ աշխատանքային խումբը այցելել է Հայոց Դիցամայր Անահիտի տաճարը, որն այսօր կոչվում է Ալթընթեփե (Ոսկե բլուր)։ 

Այցի մասին խմբի անդամներն այսպես են պատմում․  

«Ճանապարհին հանդիպեցինք մի գեղեցիկ կամրջի, որը կառուցվել էր դեռևս Արարատյան թագավորության ժամանակաշրջանում և վերակառուցվել է 19-րդ դարում։ Պատմական փաստերի թուրքական ոճով խեղաթյուրումը սպասելի էր՝ այս անգամ էլ կեղծվել էր կամրջի իրական պատմությունը, որի ստեղծման մասին ոչինչ չէր նշվել։ Մայր Անահիտ Դիցուհու տաճար այցելությունը լի էր բազում դրական զգացումներով։ Թե ինչպիսի դրական էներգետիկա ստացանք այնտեղ, միայն բառերով հնարավոր չէ նկարագրել։ Նշենք, որ Ալթընթեփե բլուրը գտնվում է պետական հսկողության տակ, իսկ 2003֊ին սկսված վերակառուցման աշխատանքները դեռևս ավարտին չեն հասցվել։

Մեր պատվիրակությունը այցելեց նաև պատմական Կամախի բերդը։ Բարձր ժայռերի վրա կառուցված այս շքեղ շինությունը ոչ միայն զարմացնում, այլ նաև պարտադրում է մեզ տեր կանգնելու մեր պապերի թողած հարուստ ժառանգությանը, որի լուռ վկան է վերոնշյալ ամրոցը և տեր կանգնելու մեր հայրենիքին։

Երեկոյան մեր պատվիրակությունը հանդիպում ունեցավ Արևմտյան Հայաստանի մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ նորընտիր պատգամավոր Ասադուր Բալքըսի հետ, ում հանձնվեց իր պատգամավորական մանդատը։

ԱՀՀ մի շարք քաղաքացիների հանձնվեցին նոր անձնագրեր։ Հանդիպմանը ներկա էին նաև դերսիմցիներ, այդ թվում՝ Դերսիմ քաղաքի ավագանու անդամ  Մաքբուլե Թուլգան, ով քննարկումներ ունեցավ մեր քաղաքացիների հետ։ Ներկա էին նաև Դերսիմ Հայ Պլատֆորմ կազմակերպության անդամները։

Զրույցի ընթացքում շոշափվեցին Արևմտյան Հայաստանին վերաբերող հարցեր, եղան առաջարկներ՝ Երևանում հանդիպում կազմակերպելու և ավելի խորքային հարցեր քննարկելու և կյանքի կոչելու ուղղությամբ։ Ստեղծվեց փոխադարձ վստահություն և համակրանք մեր և դերսիմցի հայրենակիցների միջև, որոնց հուզող շատ հարցեր դեռևս չեն բարձրաձայնվել»։

Առաջիկայում կայանալիք հանդիպման ակնկալիքով հանդիպումն ավարտվեց։

Leave a Reply