Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը, շարունակելով իր առաքելությունը սեփական հայրենիքում,  ուղևորության 4-րդ օրը շարժվեց դեպի Խարբերդ, այնտեղից էլ՝ Տիգրանակերտ։ Խարբերդի տարածքում մեր պատվիրակներին բախտ վիճակվեց հանդիպելու հայկական հետք կրող տարբեր մշակութային կառույցների։ Ցավոք, դրանց մի մասն ավերված էր, օրինակ՝ Էքինօզու գյուղի 2 հայկական եկեղեցիները՝ Մարիամ  Աստվածածինն ու մի եկեղեցի, որի անունը չհաջողվեց պարզել։ Հիշեցնենք, որ Մարիամ Աստվածածնի անունը կրող եկեղեցիները կառուցված են Անահիտ Դիցամոր տաճարների տեղում։ Մոտավորապես նույն տարածքում էր գտնվում նաև Երեք ակունքով աղբյուրը, որտեղից դարեր շարունակ թափվում է լեռնային մաքուր ջուր։ Ընդհանրապես Արևմտյան Հայաստանի գրեթե ողջ տարածքը հարուստ է լեռնային աղբյուրներով։

Խարբերդի շրջանում մեր պատվիրակությունն այցելեց նաև Բալուի ամրոց, որը կառուցված է Արածանի գետից վեր՝ բարձունքի վրա։ Այս հոյակերտ շինությունը մեկ անգամ ևս փաստում է, թե որքան քաջ ու անկախ են եղել մեր նախնիները։ 

Այստեղից մեր պատվիրակությունն ուղևորվեց դեպի պատմական Տիգրանակերտ քաղաքը, որը հիմնել է հայոց արքա Տիգրան Մեծը։ Հին քաղաքակրթության կենտրոններից մեկը հանդիսացող Տիգրանակերտում այսօր էլ պահպանվում են ճարտարապետական անզուգական կոթողներ, որոնց ընդամենը մի մասը հնարավոր եղավ տեսնելու։ Դրանց թվում էին՝ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին և հսկայական պարիսպներն։ Տիգրանակերտում է գտնվում նաև հայկական Սուր թաղամասը, որը հազարամյակներ շարունակ բնօրրան է եղել բնիկ հայ ժողովրդի համար։ Ցավոք, այսօր Սուր թաղամասը հայաթափված է և ինչ-որ պետական ծրագրի պատրվակով քանդվել է՝ զրկվելով իր երբեմնի կոլորիտից։ Սուր թաղամասի մոտակայքում վեր է խոյանում  ճարտարապետական գլուխգործոց, Մերձավոր Արևելքում ամենամեծ եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը, որին այցելելը մեծ պատիվ էր մեր պատվիրակության համար։

Տիգրանակերտում երեկոն շարունակվեց հաճելի մթնոլորտում՝ տարբեր շրջաններից այստեղ հավաքված ԱՀՀ քաղաքացիների հետ միասին։ Հանդիպման ընթացքում նշվեց westernarmeniatv-ի աշխատակցի ծննդյան տարեդարձը։