ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում  ուղերձ է տարածել հունիսի 26-ին նշվող Խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ։
«Հունիսի 26-ին մարդկությունը նշում է խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրը։ Անմարդկային այս հանցագործության զոհերին, վերապրածներին, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին անհրաժեշտ աջակցության տրամադրումը պետք է լինի այն պետությունների ուղղակի պարտավորությունը, որոնք ստանձնել են միջազգային պարտավորություններ»,- ասվում է ուղերձում։

«Եվ կոնկրետ Արցախյան 44-օրյա պատերազմի օրինակով փաստագրված են բազմաթիվ օրինակներ, երբ ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի այլ ձևերի են արժանացել բազմաթիվ մեր հայրենակիցներ։

Ադրբեջանական իշխանության ներկայացուցիչները խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի են ենթարկել ու ենթարկում նաև միջազգային պարտավորությունների խախտմամբ Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։

Այս առումով միջազգային իրավակարգի կողմից ուշացած գնահատականը կամ դրա իսպառ բացակայությունը կրում է այլ կոնֆլիկտների շրջանակներում նման հանցանքները նորմալիզացնելու լրջագույն ռիսկ»,- շեշտել է ՀՀ ՄԻՊ-ը։

Արևմտյան Հայաստանի հեռուստալիքը բազմաթիվ անգամներ անդրադարձել է ռազմական հանցագործություններին, փաստելով 44-օրյա  պատերազմի ընթացքում տարածված տեսանյութերն ու լուսանկարները։ Միջազգային հանրությունը պետք է իր կոշտ արձագանքը ցույց տա սրա նկատմամբ, այսպիսով կանխելով նմանատիպ այլ դեպքերը։