Արևմտյան Հայաստանի Վան քաղաքից 28 կիլոմետր հյուսիս-արևմուտք ընկած տարածքում հնագետները վերջերս հայտնաբերել էին 2700-ամյա ուրարտական տաճար, որը թալանվել է գանձախույզների կողմից: Գանձագողերը, փորելով մոտ 5 մետր խորությամբ փոս՝ վնասել են մի կառույց, որի պատերին որմնանկարներ են եղել։ Հանցագործները կարծել են, թե իրենց թալանած տարածքը եկեղեցի է և անմիջապես իրենց կատարած գործողության մասին իրազեկել են Վանի թանգարանների տնօրինությանը։
Վանում կատարված բազմաթիվ հնագիտական պեղումների ղեկավար, հնագետ, Կոստանդնուպոլսի համալսարանի դասախոս, դոկտոր Էրքան Քոնյարը, ուսումնասիրելով տարածքում նկարված առաջին պատկերները, ասել է.«Ըստ պատկերների՝ սա կարող է լինել մ.թ.ա 7-րդ դարին թվագրվող ուրարտական տաճար։ Այստեղից շատ մոտ գտնվում է ուրարտական Ռուսա II թագավորի ամրոցը, և կառույցը կարող է կապ ունենալ այդ ամրոցի հետ։ Տաճարային համալիրի տարածքը նման է պաշտամունքային վայրի, կարծում եմ այն նվիրված է եղել ուրարտական գլխավոր Աստծուն՝ Խալդիին»։
Հավելով, որ կարևոր է, թե գանձագողերը որքան առարկա են տարել այստեղից, Քոնյարը նշել է, որ ուրարտական տաճարները շատ հարուստ են գտածոներով, և որ ամենայն հավանականությամբ, այնտեղ կլինեն Խալդի Աստծուն նվիրված վահաններ, սաղավարտներ և զենքեր։
Արևմտյան Հայաստանը ցավով է փաստում գանձագողության հերթական դեպքը և միջազգային հանրությունը պետք է ըստ արժանվույն արձագանքի սրան։ Սակայն գանձագողերը արժեքների ոչնչացման ճանապարհին վեր են հանում հայկական հին մշակույթը՝ դեռևս Քրիստոսից առաջ կառուցված, որն ակամայից ապացուցում է հայերի բնիկության և թուրքերի եկվոր լինելու մասին։