Արևմտյան Հայաստանի պատգամավորներից և կառավարության անդամներից կազմված պատվիրակությունը՝ ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ, շարունակելով իր առաքելությունը մայր հայրենիքում, կանգ առավ երբեմնի հայոց մայրաքաղաք, մշակույթի և քաղաքակրթության օրրան Անի քաղաքի ավերակների մոտ։

Այս անգամ մեր պատվիրակության առաքելությունը դիտորդական էր, քանի որ Անին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-­ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում,

և համաշխարհային այս կառույցը ուղղակիորեն պարտավորվածություն ունի պահպանելու, նույնիսկ վերականգնելու և մշտական հսկողության տակ պահելու Անիի ավերակները՝ իրեն շրջապատող ողջ տարածքով հանդերձ։ Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-­ի պաշտոնական կայքում տեղադրված նկարագրության մեջ Անին ներկայացված է որպես հայերի կողմից հիմնադրված քաղաք: 

ԱՀՀ պատվիրակությունը մանրակրկիտ ուսումնասիրեց Անիի ավերակների ողջ տարածքը և կարողացավ արձանագրել մի շարք փաստեր, որոնք ցավոք, վկայում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բացթողումները կամ պարզապես անգործունակությունը։ Մեր պատվիրակների աչքից չվրիպեց փաստը, որ Անիի տարածքում տեղի էին ունենում պեղումներ։ Թե որքանով էր դա համաձայնեցված ՅՈՒՆԵՍԿՕ-­ի համապատասխան մարմինների հետ, մեզ չհաջողվեց պարզել, միայն պարզ էր մի բան, որ պեղումները կատարվում են թուրքական պետության մշակույթի նախարարության թույլտվությամբ։ Ի դեպ՝ նախկինում ևս այդտեղ կատարվել են պեղումներ և առաջիկայում նույնպես պլանավորվում են։

Անիի ավերակներում կատարված դիտորդական առաքելության արդյունքում արձանագրված բոլոր փաստերը առաջիկայում մանրամասն կներկայացնենք մեր կայքում։