Լրագրողների հետ ճեպազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսպես ասաց․«Մենք բազմիցս ասել ենք, որ բացառվում է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ։ Միանշանակ սահմանային վերահսկողություն լինելու է։  Եվ մեր քաղաքականությունը շարունակում է սա մնալ։ ՀՀ-ում բացառվում է միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ, այդպիսի հարց երբեք չի քննարկվել»։

Ըստ Արմեն Գրիգորյանի՝ ապաշրջափակման հարցերը քննարկվել են և Մոսկվայում և Բրյուսելում։ «Եթե հիշում եք՝ երկար ժամանակ Ադրբեջանն ասում էր, որ միջանցք է քննարկվում։ Անցած տարվա նոյեմբերի 6-ին, երբ փոխվարչապետ Օվերչուկը գտնվում էր Հայաստանում, հայտարարեց, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում։ Նույնը տեղի ունեցավ բրյուսելյան բանակցություններից հետո, երբ Եվրամիության խորհրդի նախագահ Միշելի խոսնակը հրապարակային հայտարարեց, որ որևէ միջացնք երբեք չի քննարկվել։ Սա ցույց է տալիս, որ բանակցություններում մեր մոտեցումը միշտ սա է եղել և շարունակելու է սա մնալ»,- հավելեց նա։

Արևմտյան Հայաստանի համար միջանցքային տրամաբանությունը նույնպես անընդունելի է, հաշվի առնելով նաև այն փաստը որ թշնամին այժմ զբաղեցրել է ՀՀ սուվերեն տարածքների մի մասը, և հրաժարվում է լքել այն։ Հիշեցնենք նաև, որ չի կարող նմնա տրամաբանություն լինել այն դեպքում, երբ բազմաթիվ գերիներ այժմ ապօրինաբար պահվում են Ադրբեջանում։