Արցախը՝ Մեծ Հայքի տասներորդ նահանգը, եղել է հայկական գրչության կենտրոններից: Արցախի առաջին դպրոցը Մեսրոպ Մաշտոցը բացել է Ամարասում և հիմք դրել հայոց դպրության: 11-12-րդ դարերից եկեղեցաշինության վերելքին զուգահեռ զարգանում են նաև գրչության արվեստը և մատենագրությունը, ստեղծվում են գրչության կենտրոններ՝ իրենց մատենադարաններով ու ձեռագրերի հարուստ հավաքածուներով: Որպես գրչության կենտրոններ հռչակված էին Գանձասարը, Խադավանքը, Դադիվանքը, Գտչավանքը, Մեծառանաց Սբ. Հակոբա, Երից մանկանց, Եղիշե առաքյալի վանքերը, Ավետարանոցի Կուսանաց անապատը, Գանձակը:

Այս կենտրոններում գրվել, ծաղկազարդվել ու պահպանվել են պատմական, փիլիսոփայական, կրոնական, ծիսական բովանդակությամբ բազմաթիվ ձեռագիր մատյաններ, իսկ ծաղկազարդված ձեռագրերը իրենց նկարազարդման յուրահատկությամբ և ոճական առանձնահատկություններով վկայում են մանրանկարչական ուրույն դպրոցի զարգացածության մասին:

Մշակութային ժառանգության վայրերի միտումնավոր ոչնչացումը պատերազմի ընթացքում իրականացվող հանցագործություն է, և այսկերպ միջազգային հանրությանը կոչ է արվում պաշտպանել և պահպանել այն՝ որպես համաշխարհային բարօրությանը հասնելու միջոց։