Թարթառ գետի ձախ ափին, Մեծ Շեն գյուղի «Խանագյահ» կոչվող տեղամասից դեպի գետը իջնող շավղի աջ կողմում ցցված է գրանիտե մի ժայռակերպ։ Սրանից ավելի անմատչելի ամրություն բնությունը շատ քիչ է ստեղծել  Արցախ աշխարհում։ 

Բնության այս անառիկ ամրությունը արհեստական կառուցվածքների միջոցով ամրացնելով, դարձրել են բերդ։

Երեք կողմից նրան շրջապատել են անհանգիստ ջրերը, մի կողմից Թրղին, երկու կողմից` Թարթառը։ Այս ջրերից է առաջացել բերդի և գավառի «Ջրաբերդ» անունը։

Ղարաբաղի ամենից ապահով ու զորեղ բերդը խաղաղ ժամանակներում անբնակ է մնացել, իսկ պատերազմական օրերին կանայք, երեխաները հավաքվել են այստեղ։ Վերջին անգամ` 1789 թվականին, այս բերդում, պատսպարվել են Ջրաբերդի մելիք Մեժլումի հարազատներն ու մերձավորները։