Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում, որը նշվելու է 2023 թվականին, Հայաստանի Հանրապետության ազգային կինոկենտրոնը նախատեսում է վերականգնել ու թվայնացնել հայ դասական կինոարվեստի մի շարք կարևոր նմուշներ, հայկական ֆիլմերի ցուցադրություններ կազմակերպել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:

Ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչները Կաննի կինոփառատոնի կինոշուկայի ժամանակ հանդիպել են  կինոփառատոնի «Cannes Classics» ծրագրի ղեկավարի հետ: Ծրագրի շրջանակում ցուցադրվում են դասական ֆիլմերի վերականգնված տարբերակները: Կողմերը քննարկել են հաջորդ տարի ծրագրի շրջանակում Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը ցուցադրելու հարցը: Հանդիպել են նաև Կաննի քաղաքապետին և հաջորդ տարի Կաննում հայկական կինոյի ցուցադրության շաբաթ կազմակերպելու համաձայնություն են ձեռք բերել:  Նախատեսում են հայկական ֆիլմեր ցուցադրել ֆրանսիական «Սինեմատեկ» փառատոնի, Վենետիկի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոնների շրջանակում: