2022 թվականի հունիսի 17-23-ը Արևմտյան Հայաստանի պատգամավորներից և կառավարության անդամներից բաղկացած պատվիրակությունը՝ նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ մի շարք առաքելություններով պատիվ ունեցավ գտնվելու մայր հայրենիքում։

Ժամանակի առումով և մեր հայրենիքի անսահման մեծության  պատճառով հնարավոր չեղավ այցելելու բոլոր բնակավայրերը, պատմամշակութային հուշարձաններն ու տեսարժան վայրերը։ Այնուամենայնիվ, մեր պատվիրակությանը հաջողվեց լինել այնպիսի վայրերում, որտեղ շատ քչերին է բախտ վիճակվում այցելելու։

Երզնկայի Դեյիրմենլի գյուղի հայկական եկեղեցին

Բացի այդ, մեր պատվիրակությունը մի շարք հանդիպումներ ունեցավ ԱՀՀ այն քաղաքացիների և պատգամավորների հետ, ովքեր ծնվել և ապրում են իրենց բնօրրանում։ 

Ուղևորության ընթացքում պատվիրակության առաջին այցը եղավ Արևմտյան Հայաստանի մայրաքաղաք Կարին։

Պատմական Կարինը քաղաք է Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Կարնո գավառում, Եփրատ գետի ձախ կողմում, ծովի մակերևույթից շուրջ 2000 մ բարձրության վրա։ Քաղաքից հարավ երևում են Հավատամք լեռան բլրաշարերը։ Արևելքում ձգվում է Դավաբոյնի լեռնաշղթան, իսկ հյուսիսում և արևմուտքում քաղաքին մոտ տարածվում է Կարնո դաշտը։ Ունի զով ու առողջարար կլիմա, առատ և սառնորակ խմելու ջուր։ Ձմեռն այստեղ երկարատև ու խստաշունչ է, ամառը՝ զով, կարճատև։

Այստեղից պատվիրակությունը ուղևորվեց դեպի Քըզըլքիլիսե գյուղը, որտեղից սկիզբ են առել նախագահ Արմենակ Աբրահամյանի արմատները։ Ցավոք,  Ա․ Աբրահամյանի նախնիների մի մասը նույնպես զոհ են գնացել Հայերի դեմ իրագործված ցեղասպանությանը, մի մասն էլ մազապուրծ փրկվել է։ Գյուղն ամբողջովին կորցրել էր նախկին հայկական տեսքը, թեև դեռևս կանգուն էին մի քանի հայկական տներ ու կառույցներ։ Եկեղեցու տեղում մզկիթ էր կառուցված։

Քըզըլքիլիսե (Կարմիր եկեղեցի) գյուղը 

Հաջորդ այցելությունը Դերսիմ քաղաքն էր, որտեղ բնակվում են մեծ թվով հայեր, այդ թվում՝ Ալևի փոքրամասնության ներկայացուցիչներ։ Այստեղ մեր պատվիրակները մի շարք հանդիպումներ ունեցան Արևմտյան Հայաստանի քաղաքացիների, պատգամավորների,  ինչպես նաև՝ Դերսիմ Հայ Հարթակի ներկայացուցիչների հետ։

Դերսիմ. գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Դերսիմի գավառում։ Գտնվում էր Խոզաթ գյուղաքաղաքից 31 կմ արևմուտք, Չմշկածագ քաղաքից 10-11 կմ հարավ-արևելք, փոքրիկ գետակի ձախ ափին։ Հանդիսանում էր գավառի կենտրոն։ Ըստ ավանդության Դերսիմ տեղանունը ծագում է հայ քահանա Տեր Սիմոն անունից, որը թուրքական ներխուժումների շրջանում իբր համոզել է հայ բնակչությանը հավատափոխ լինել՝ ընդունել ալևիություն և դրանով խուսափել կոտորվելուց։ Տարածքը լեռնային էր և անտառապատ։ Ունի ջրառատ տարածություններ։ Հնում եղել է հայաբնակ մեծ գյուղաքաղաք։ XIX դարի երկրորդ կեսին սովորական գյուղ էր, որն ուներ հայ և քուրդ բնակչություն։

Ուրարտական կամուրջ՝ Վերին Եփրատի վրա (վերակառուցված)

Ներկայիս Դերսիմը այն եզակի հայկական բնակավայրերից է, որտեղ  ցանկացած գնով հնարավոր է եղել պահպանել հայկական ինքնությունը։ Մեր լուրերի շրջանակում արդեն անդրադարձել ենք Դերսիմի և դերսիմցիների պատմությանը և ներկային։

Մնձուր գետը վերևից 

Պետք է նշել, որ դերսիմցիները ամուր են կառչած իրենց բնօրրանին և սեփական ինքնությանը, թեև նրանց նախնիներից շատերը՝ զոհ չգնալու համար թուրքական յաթաղանին, գերադասել են ծպտվել Ալևիություն հավատքի քողի տակ՝ այդպիսով պահպանելով իրենց ֆիզիկական գոյությունը։ Աշխարհաքաղաքական այս մեծ շրջափուլում դերսիմցիները զարթոնք են ապրում՝ տարբեր լծակների միջոցով  լույս սփռելով սեփական ինքնության, արմատների և ողբերգական դեպքերի միջով անցած պատմության վրա։ Այսօր դժվար է հայկական ծագումով որևէ դերսիմցու համոզել, որ ինքը մուսուլման է կամ ազգությամբ թուրք։ Մեր պատվիրակները Դերսիմի Հոզաթ գավառում առիթ ունեցան տեսնելու մի բաց թանգարան, որտեղ ցուցադրվում են նկարներ՝ Դերսիմի  1938 թվի կոտորածի պատկերներով։

Այս նկարներում հստակ երևում է, թե ինչ հալածանքի է ենթարկվել բնիկ ժողովուրդը։ Այսօրվա սերունդը  քաջատեղյակ է իր պապերի պատմությանը։ Դերսիմցիների հետ ունեցած ջերմ շփումները շարունակվեցին նաև մեր հայրենիքի տարբեր տեսարժան ու պատմական վայրերում։

Դերսիմ Հայ Պլատֆորմի գրասենյակում

 Նրանք միասին այցելեցին տարբեր գյուղեր ու քաղաքներ, որտեղ մասամբ կամ կիսավեր պահպանված են հայկական եկեղեցիներ, տներ, տարբեր շինություններ, աղբյուրներ։

        Էրգան եկեղեցին, Դերսիմ, Բերդակ 

 Եկեղեցիների մի մասը վերածվել է պահեստի, տները իրենց նոր տերերին ծառայում են որպես բնակարան։ 

Իսկությունն այն է, որ հայկական ճարտարապետության, մաշակույթի հետքը և առհասարակ  գոյությունն ու շունչը առկա են Արևմտյան Հայաստանի ողջ տարածքում։ Պատվիրակները, շարունակելով իրենց առաքելությունը՝ այցելեցին Երզնկայում գտնվող Մայր Անահիտ Դիցամոր սրբավայր-տաճարը, որը ներկայումս կոչվում է Ալթընթեփե բլուր և գտնվում է պետության հսկողության տակ։ Սակայն ոչ  մի արգելք և հսկողություն չխանգարեցին մեր պատվիրակներին կատարելու իրենց առաքելությունը։ 

  Մայր Անահիտ Դիցամոր տաճարը Երզնկայում

Առհասարակ, Արևմտյան Հայաստանում Անահիտ Դիցամորը  նվիրված սրբատեղիներ շատ են եղել։ Քրիստոնեության ընդունումից հետո Անահիտին նվիրված մեհյանների տեղում կառուցված եկեղեցիներին անվանել են Մարիամ Աստվածածնի անունով։ Արևմտյան Հայաստանի միայն Դերսիմի տարածքում 18 նմանատիպ եկեղեցի կա։ Սակայն, Անահիտ Դիցամոր սրբավայրերը միայն կառույցներով չեն սահմանափակվում։

Մարիամ Աստվածածին Սուրբ կաթողիկե եկեղեցին, Դերսիմ

 

 Մեր պատվիրակներն այցելեցին մի սրբավայր, որտեղ ժայռի կրծքից բխում է սառնորակ ու զուլալ ջուր՝ խորհրդանշելով Մայր Անահիտի կրծքի կաթը։ Այս բնական հրաշքը տեսնել ու զգալ է պետք, այստեղ անհետանում են բոլոր բացասական զգացողությունները, իսկ մթնոլորտի աուրան անչափ դրական է։ Միակ բացասական զգացողությունը, որ այստեղ զգում է հայ մարդը, դա սեփական հայրենիքի  և նրա կորստի ցավն է։  

      Մայր Անահիտ Դիցամոր կրծքի կաթը

Միայն բառերով հնարավոր չէ նկարագրել բոլոր այն  զգացմունքները, որոնք զգում և ապրում էին մեր պատվիրակները, այն հսկայական դրական էներգետիկան, որը ամբողջ ժամանակ ուղեկցում էր նրանց։ 

Տեսարժան վայրերից էր նաև Երզնկայի Գիրլեվիկ ջրվեժը, որը բացի բնության հրաշալիք լինելուց, նաև դրական էներգիայի մեծ աղբյուր է։ 

 Երզնկայի Գիրլեվիկ ջրվեժը

Պատվիրակության այցելած գյուղերում և քաղաքներում հնարավոր եղավ այս կամ այն չափով շփվել տեղաբնակների հետ, ովքեր միաձայն փաստում էին, որ այստեղ հայեր են բնակվել, իսկ առավել խիզախները չէին թաքցնում իրենց հայ լինելը, թեև դա այդքան էլ հեշտ չէ՝ հակաժողովրդավարական այնպիսի երկրում, ինչպիսին թուրքական պետությունն է։ Ընդհանուր առմամբ, պատվիրակության անդամներին տեղաբնակները դիմավորում էին ջերմ ու սիրալիր։ Նույնիսկ գտնվեցին օտար մարդիկ, ովքեր իմանալով պատվիրակության այցի նպատակը, առաջարկեցին գալ և բնակվել իրենց մոտ, վերականգնել ավերված հայկական եկեղեցիները, որոնցից մեկն էլ Հոզաթ գավառի գյուղերից մեկում ծվարած Սուրբ Հակոբ եկեղեցին էր՝ ամբողջովին ավերված: 

Սուրբ Հակոբ եկեղեցին

Պատվիրակների այցելած բնակավայրերում քիչ չէին նաև այն եկեղեցիները, որոնց հիմքի վրա մզկիթներ էին կառուցել՝ աղավաղելով կառույցի իսկական պատմությունը: 

Դերսիմում անցկացված մի քանի օրվա ընթացքում, ցավոք հնարավոր չեղավ այցելել բոլոր սրբատեղիներն ու պատմամշակութային կոթողները, բայց առիթ եղավ տեսնելու հայտնի անդունդը, ուր բարձր ժայռի վրայից 1915 թվականին ցած են նետել մեծ թվով հայերի, որի պատճառով այս վայրը տեղաբնակները կոչել են Կոտորածի անդունդ: 

Կոտորածի անդունդը վերևից

Ականատեսները սերունդներին սահմռկեցուցիչ պատմություններ են  պատմել այս վայրի մասին, որոնք մինչ այժմ մնացել են ժողովրդի հիշողության մեջ: Ասում են, որ անդնդում այնքան շատ դիակ է եղել և հատակն այնքան է ծածկվել դիակներով, որ նրանց մեջ գտնվել են նաև հրաշքով փրկվածներ: Հավելենք, որ տարիներ առաջ այս ժայռի վրա տեղի է ունեցել Հայերի ցեղասպանությանը զոհ գնացած անմեղ նահատակների հիշատակման արարողություն, որին մասնակցել են մի շարք մտավորականներ, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի ԱԺ պատգամավոր, գրող, հրատարակիչ Միհրան Փրկիչը: 

Երեք ակնանի աղբյուրը Դերսիմում

Հեռանալով Դերսիմից, մեր պատվիրակության անդամները ուղևորվեցին դեպի Տիգրանակերտ՝ ճանապարհին կանգ առնելով Խարբերդ նահանգում՝ Արածանի գետի աջ ափին ուրարտական ժամանակաշրջանում կառուցված  հայտնի Բալուի բերդի մոտ: Ըստ Վարդան պատմիչի, լեռը, որտեղ գտնվում է բերդը, կոչվել է Մեսրոպ Մաշտոցի անունով, որովհետև վերջինս բերդում մնացել է յոթ շաբաթ և լրացրել է հայերեն այբուբենի տառերը։ Այստեղ պահպանվել են միջնաբերդի, պարիսպների, շտեմարանի ավերակները և 29 տողից բաղկացած արձանագրություն։

Հեռվում Բալուի ամրոցը

 

Հաջորդ կետը Տիգրանակերտն էր։

Տիգրանակերտ  մայրաքաղաքը կառուցվել է մ.թ.ա. 70-ական թվականների ընթացքում և անվանակոչվել ի պատիվ հայոց հզոր Տիգրան Մեծ արքայի։ Կարճ ժամանակամիջոցում կառուցված մեծ ու շքեղ քաղաքը շրջապատված է եղել 25 մետր բարձրությամբ պարիսպներով, որը Չինական Մեծ պարիսպներից հետո աշխարհի ամենաերկար, ամենալայն և ամուր պատերից մեկն է,  ունեցել է անառիկ միջնաբերդ։ 

       Տիգրանակերտի պարիսպներից մի հատված

Հյուսիս-հարավ ուղղությամբ օվալաձեւ պարիսպները մոտավորապես 5 կմ երկարություն ունեն։ Պարիսպների ներսում է գտնվում պատմական Սուր հայկական թաղամասը, որը ցավոք, թուրքական պետության զավթողական քաղաքականության պատճառով կորցրել է իր երբեմնի հայկական կոլորիտը: 

         Տիգրանակերտի Սուր թաղամասից մի հատված

2015-16  թվականներին զինված բախումների արդյունքում մոտ 20 հազար մարդ ստիպված եղավ գաղթել Սուր շրջանից, որից հետո կառավարության որոշմամբ սկսեցին քանդել թաղամասում գտնվող տները: Այս տարածքում է գտնվում Մերձավոր Արևելքի ամենամեծ՝  հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, որը թեև էապես չի տուժել բախումների հետևանքով, սակայն շարունակել է փակված մնալ մինչև վերջերս: 2022 թվի մայիս ամսին վերանորոգումից հետո եկեղեցին վերաբացվեց: 

Արևմտյան Հայաստանի պատվիրակները Տիգրանակերտում հանդիպում ունեցան ԱՀՀ քաղաքացիների և այլ հայազգի անհատների հետ, ովքեր, մեր հայրենիքում բնակվող բազմաթիվ հայրենակիցների նման պատմական անարդարության հետևանքով զրկված են եղել սեփական լեզվով խոսելու հնարավորությունից: Նշենք, որ բռնազավթված Արևմտյան Հայաստանում բնակվող միլիոնավոր հայեր այսօր չեն տիրապետում մայրենի լեզվին՝ հայկական դպրոցների և հայերեն կրթության  բացակայության պատճառով, ինչը թուրքական պետության խտրական քաղաքականության արդյունքն է:

 Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման արդյունքում, մեր հայրենակիցներից  շատերի մեջ ցանկություն առաջացավ առաջիկայում դառնալու Արևմտյան Հայաստանի քաղաքացի, ինչպես նաև սովորելու մայրենի լեզուն: 

Տիգրանակերտում պատվիրակներն այցելեցին նաև Սուրբ Կիրակոս եկեղեցին: Եկեղեցին և հարակից տարածքը ընդհանուր առմամբ գտնվում են բարվոք և խնամված վիճակում:

Տիգրանակերտից մեր պատվիրակներն ուղևորվեցին Վանա լիճ: Մեր հայրենիքի ամենատեսարժան վայրերից մեկն է Վանա լիճը, որը բնական հարստություն լինելուց բացի, հայտնի է նաև իր կղզիներով և նրանց վրա կառուցված պատմական եկեղեցիներով: Նրանցից ամենամեծն ու նշանավորը, թերևս Աղթամար կղզին է՝ իր Սուրբ Խաչ եկեղեցիով: Հենց այստեղ էլ ուղևորվեց մեր պատվիրակությունը՝ շարունակելու համար իր առաքելությունը: 

Հայ ճարտարապետության վեհաշուք կոթողներից մեկը, հնում՝ Հայաստանի հոգևոր խոշոր կենտրոն՝ Աղթամարի վանական համալիրի բաղկացուցիչ մասը համարվող Սուրբ Խաչ եկեղեցին, կառուցվել է 915-921 թվականներին ճարտարապետ Մանուելի կողմից։ 1113 թվականին դառնում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Աղթամարի կաթողիկոսարանի կենտրոնը:

Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը այստեղ նույնպես մոմավառություն կատարեց և աղոթք հնչեցրեց առ Աստված, որից հետո ճանապարհ ընկավ դեպի Մուշ:  Այսօրվա Մուշ քաղաքը տարբերվում է երբեմնի հայկական թաղամասերով ու կառույցներով առանձնացող պատմական Մուշից: Այնուամենայնիվ այստեղ հիմա էլ բնակվում են հայեր, ովքեր ամուր կառչած են իրենց պապենական հողին ու ավանդույթներին: Մեր պատվիրակները Մուշում նույնպես հանդիպում ունեցան հայազգի բնակիչների հետ, որի ընթացքում քննարկվեցին Արևմտյան Հայաստանի Հանրապետության զարգացմանը և ապագային վերաբերվող մի շարք կարևոր հարցեր: Հաջորդ օրը այցելեցին Մշո Սուրբ Կարապետ վանական համալիր, որի ճանապարարհին կանգ առան Արածանի գետի վրա կառուցված Սուլուխի կամրջի մոտ: 

Սուլուխի կամուրջը

Այս հոյակերտ կամուրջը հիրավի Արևմտյան Հայաստանի ամենանշանավոր ու գեղեցիկ կառույցներից մեկն է, որն ունի 190 մետր երկարություն և կառուցված է 12 կամարների վրա։ Այժմ Չենգիլլի կոչվող գյուղի տարածքում գտնվող Մշո Սուրբ Կարապետ վանքը նախկինում եղել է մեհենատեղի, վանքի է վերածվել քրիստոնեության ընդունման ժամանակ՝ 4-րդ դարում։ Այն ոչ միայն Տարոն աշխարհի ամենանշանավոր վանքն էր, այլև ամբողջ հայությանը ծանոթ մեծագույն մենաստանը սուրբ Էջմիածնից հետո։ Վանքի համբավն ու հռչակը դուրս էր եկել ազգային սահմաններից և դարձել նաև սրբավայր տեղացի և օտար ազգերի համար։ 

Երբեմնի գեղեցիկ կառույցից այժմ մնացել են ավերակներ, որի ներքին տարածքը օգտագործվում է որպես պահեստ: 

 

Սուրբ Կարապետ եկեղեցու որմնաքարերը Չենգիլլի գյուղի տների պատերին


Մոտակա տների պատերին անզեն աչքով երևում են նախկինում եկեղեցուն պատկանող խաչքարեր և հայատառ փորագրությամբ սրբատաշ քարեր: Գյուղի բնակիչները մեր պատվիրակությանը դիմավորեցին հետաքրքրությամբ և փաստեցին, որ և այս բնակավայրը և եկեղեցին եղել են հայկական: 

Մշո Սուրբ Կարապետ վանքի ավերակները

Մուշից պատվիրակները ուղևորվեցին դեպի Կարս: Ինչպես և Արևմտյան  Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, Կարսը սկզբում բերդ է եղել, 9 — 13-րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը։ Բագրատունյաց թագավորության (885-1045) ժամանակաշրջանում Կարսն աննախադեպ վերելք է ապրում, և աղբյուրներում նախկին աննշան բերդը հիշատակվում է որպես քաղաք։ 

Հայոց թագավոր Աբաս Բագրատունին X դարի 40-ական թթ. կառուցում է մինչ այժմ կանգուն Սուրբ Առաքելոց Կաթողիկե եկեղեցին, որը հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է և այժմ գործող մզկիթ է։ Մզկիթի վերածվելուց հետո եկեղեցու ճարտարապետական կառուցվածքը չի աղճատվել։ 

Տեսարան Կարսից

Բացի եկեղեցու կառուցումից, հայոց արքան ամրացնում է Կարսի բերդը, որ ժամանակին Առաջավոր Ասիայի ամենաամուր ամրոցներից էր համարվում։

Կարսում նույնպես զգացվում էր հայկական շունչը՝ այստեղ ամենուրեք կանգուն էին հայկական ճարտարապետության նմուշները, հայերի կառուցած տները: Հայկական թաղամասում մեր պատվիրակներն առիթ ունեցան շփվելու հայազգի քաղաքացիների հետ, ովքեր չթաքցրեցին իրենց ծագումը և պատմությունը:  

Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը Կարս քաղաքից  շարժվեց դեպի Անիի ավերակներ, որտեղ ժամանակին ծաղկել է մի ողջ քաղաքակրթություն: Զարգացած միջնադարում՝ 961-1045 թվականներին, Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն էր։ Անին հայտնի է որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք», որոնցից առավել հայտնի էր կաթողիկոսանիստ Մայր տաճարը։ Միջնադարում այստեղով էին անցնում բազմաթիվ առևտրական ճանապարհներ։ Քաղաքում կային բազմաթիվ պալատներ ու հասարակական կառույցներ։ Անին շրջապատված էր երկշերտ՝ Աշոտաշեն ու Սմբատաշեն պարիսպներով, իսկ քաղաքի կենտրոնում գտնվում էր միջնաբերդը:

Անիի Մայր Տաճարը

Իսկ այժմ Անին վերածվել է զբոսաշրջային վայրի: Կիսավեր վիճակում գտնվող մշակութային և ճարտարապետական գանձերը այժմ գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հսկողության ներքո: Մեր պատվիրակներն Անիում դիտորդական առաքելություն կատարեցին՝ հասկանալու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի պարտավորության և կատարած աշխատանքների ճշգրտությունը: 

Ցավով պետք է նշենք, որ այստեղ գրանցվեցին այնպիսի փաստեր, որոնք ապացուցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բացթողումներն ու անգործունակությունը: Օրինակ՝ քաղաքի տարածքում ազատ արածացնում էին անասունների նախիրը, որոնք աղտոտում էին տարածքը,  մեր մի քանի եկեղեցիների ներսի պատերին  առկա  էին գրություններ, չկար որևէ ցուցատախտակ, որտեղ նշվում է շինությունների՝ համապատասխան կառույցի կողմից պաշտպանվածությունը, տեղեկատվական որոշ ցուցատախտակներ վնասված էին,   բացակայում էին աղբամանները, բացի մեկ տեղից, որտեղ գտնվող եկեղեցու հիմքի վրա մինարեթ էր կառուցված, իսկ մնացած վայրերում առկա էին աղբի թափոններ: Անիի տարածքում պատվիրակներն ականատես եղան պեղումների աշխատանքի, որը կատարում էին թուրք հնեաբանները: Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանի հարցին՝ արդյոք տեղյակ է ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդ պեղումներից, նրանք տվեցին անորոշ պատասխան՝ շեշտելով, որ թույլտվություն ստացել են Թուրքիայի մշակույթի նախարարությունից, ավելին՝ առաջիկայում նախատեսված են նոր պեղումներ: Անիի պարիսպների մոտակայաքում վեր էր խոյանում թուրքական դրոշը, որը ևս մեկ անգամ փաստում է պատմական անարդարությունը Արևմտյան Հայաստանի և հայ ազգի հանդեպ: Միլիոնավոր հայերի համար սրբատեղի համարվող այս գեղեցիկ քաղաքի տարածքում նման ոտնձգությունները մեղմ ասած՝ անընդունելի են Արևմտյան Հայաստանի ղեկավարության և առհասարակ ողջ հայ ժողովրդի կողմից: 

Անիի Մայր Տաճարը կանգուն էր, ներսում կատարվում էին վերականգնողական աշխատանքներ, գմբեթը բացակայում էր: Մայր տաճարի մուտքի մոտ առկա էր ցուցատախտակ, որում նշված էր կառույցի հայկական լինելու փաստը: 

Ցավով պետք է նշենք, որ ոչ միայն Անիի, այլև ողջ Արևմտյան Հայաստանի բնական և պատմամշակութային հարստությունը դեռևս բռնազավթված է և գտնվում է օտարների տիրապետության տակ։

Հենվելով Անիում կատարված դիտարկումների և արձանագրված փաստերի վրա՝ Արևմտյան Հայաստանի կառավարությունը առաջիկայում մտադիր է պատրաստել զեկույց՝ ներկայացնելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Հիշեցնենք, որ ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանը 2015 թվականին առաջարկել էր Անիի ավերակները ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական ցանկում, որից անմիջապես հետո թուրքական կառավարությունը այդ նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել, և 2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստում Միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներից և պատգամավորներից կազմված պատվիրակությունը՝ ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ այսպիսով ավարտեց իր առաքելությունը մայր հայրենիքում՝ հաջորդ տարիներին շարունակական լինելու որոշմամբ: