ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 22-25-ը Ջավախքում անցկացվել է «Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական պլեներ-փառատոնը, որի շրջանակում բացվել է համանուն ցուցահանդեսը։ 

Հայ և վրացի շուրջ 25 նկարիչներ՝ Երևանից, Թբիլիսիից և Ջավախքից, չորս օր շարունակ շրջել են Ջավախքի տարբեր գյուղերում ու քաղաքներում, տեսարժան վայրերում և իրենց տեսածն ու զգացածը փոխանցել կտավին: 

Փառատոնի շրջանակում Ախալցխա քաղաքում բացվել է «Համատեղ հայացք Սամցխե Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել է փառատոնի մասնակիցների շուրջ 70 կտավ։

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանի խոսքով՝ հիմնադրամը մեծ տեղ է տալիս մշակույթի ոլորտի զարգացմանը, որի վառ ապացույցն են նմանօրինակ փառատոները, ցուցահանդեսները, հիմնադրամի կողմից հիմնադրված աշուղ Ջիվանու տուն-թանգարանն ու Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնված ցուցասրահը։

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, միանալով բոլոր շնորհավորանքներին, կարևորել է մշակութային կապը Ջավախքի հետ՝ շեշտելով, որ այս նախագծով մշակութային երկար համագործակցության հիմք է դրվում։ 

Արևմտյան Հայաստանը բարձր է գնահատում Ջավախքի հայ նկարիչների ներգրավվածությունը և հայկական մշակույթի ներկայացումը՝ նկարչության միջոցով: