Շուշիի Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ ժամ հայկական եկեղեցին լրիվ ավերվել է ադրբեջանցիների կողմից և այժմ այն վերանորոգման անվան տակ վերածվում է ուղղափառ եկեղեցու։

Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը:

«Կանաչ ժամ» եկեղեցին, որը Ֆուադ Ախունդովը անհիմն համարում  է «ռուս  ուղղափառ» եկեղեցի, վերածվել է պատկերասրահի:

Պահպանվել է վկայություն, համաձայն որի, 1840թ. իշխանությունների հատուկ կարգադրությամբ, ապագա Վերին Թաղ են տեղափոխվել Ներքին Թաղի մահմեդական միջավայրում ապրող բոլոր հայերը՝ 56 ընտանիք, ովքեր Ներքին Թաղում ունեին քարաշեն, փայտյա ծածկով Սուրբ Աստվածածին եկեղեցին: Փաստաթղթում ասվում է, որ մահմեդականների կողմից հայերը ճնշումների էին ենթարկվում, ինչը հանգեցրել է վերջիններիս վերաբնակեցմանը: Վերին Թաղ տեղափոխվելուց հետո, նոր տեղում կառուցվել է փայտաշեն մատուռ, որը պահպանվել է մինչև 1848թ, երբ նրա տեղում կառուցվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ քարաշեն եկեղեցին: 

Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը արձանագրում է վանդալիզմի հերթական դեպքը, որն այս անգամ իրականցվում է Շուշիում։ Այլ մշակույթի պատկանող կառույցի՝ դիտավորությամբ վերափոխումը և ներկայացումը իբրև այլ կառույց, նույնպես համարվում է վանդալիզմ։ Նմանատիպ դեպքերը շատ հաճախ հանդիպում են Թուրքիայի կողմից օկուպացված Արևմտյան Հայաստանի բնիկ տարածքներում, որտեղ եկեղեցիներն ու վանքերը քոչվորների կողմից վերածվել են գոմերի կամ այլ նպատակներով են օգտագործվում։