Հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանը հայ գրականության մեջ  ռոմանտիկական ուղղության սկզբնավորողներից է: Ծնվել է  1820թ․ հուլիսի 6-ին, Կ.Պոլսում։  Իսկական անուն-ազգանունը՝ Քերովբե Ալիշանյան է: Սովորել է ծննդավայրի Վ. Չալըխյանի վարժարանում, 1832–41 թթ-ին՝ Վենետիկի Մխիթարյանների դպրոցում: 1838 թ-ից միաբանության անդամ է: 16 տարեկանում, եկեղեցական կանոնակարգի համաձայն, անվանափոխվել է` Ղևոնդ Ալիշան: 1870 թ-ից կատարել է միաբանության աթոռակալի պարտականությունները: 

1832 թ-ից Ալիշանը մշտապես ապրել է Սուրբ Ղազար կղզում: Երբեք չլինելով Հայաստանում՝ նա ծրագրել էր առանձին հատորներ նվիրել Հայաստանի բոլոր` 15 նահանգներին ու Կիլիկիային, սակայն հասցրել է գրել միայն «Շիրակ» (1881 թ.), «Սիսուան» (1885 թ.), «Այրարատ» (1890 թ.), «Սիսական» (1893 թ.) մեծածավալ աշխատությունները։

Նա «Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց» (1895 թ.) երկում ներկայացրել է հայկական կրոնը, աստվածություններն ու հավատալիքները:

Իր գիտական հսկայական ժառանգությամբ (ավելի քան 45 հատոր), Ալիշանը մեծապես նպաստել է հայրենական գիտության զարգացմանը։ Նրա գործերից շատերն այսօր էլ ունեն ճանաչողական արժեք և սկզբնաղբյուրի նշանակություն։

Ղևոնդ Ալիշանը մահացել է 1901 թվականի նոյեմբերի 9-ին: