ԱՄՆ կոնգրեսականներ Թոնի Կարդենասն ու Բրեդ Շերմանը 2023 թվականի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին  լրացում  են ներկայացրել, որով կոչ են անում պաշտպանության պետքարտուղարության հետ համատեղ խորհրդատվությամբ Կոնգրես ներկայացնել  2020 թվականին Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ զեկույցը:

Կոնգրեսականները մասնավորապես պահանջել են, որ զեկույցը ներառի, թե Հայաստանի և թե Արցախի դեմ 2020 թվականին Ադրբեջանի կողմից կիրառված թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան արտադրության սարքերի օգտագործված լինելու տեղեկատվությունը: Բացի այդ, զեկույցը պետք էներառի Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սպիտակ ֆոսֆորի, կլաստերային ռումբերի ու այլ արգելված զինատեսակների կիրառման, պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչ վարձկանների ներգրավման մասին տեղեկություններ:

Վերոնշյալ 837-րդ լրացմանն իրենց աջակցությունն են հայտնել մոտ մեկ տասնյակ կոնգրեսականներ:

Արևմտյան Հայաստանը ողջունում է կոնգրեսականնների այս նախաձեռնությունը, որը  դրական ազդակ է հաղորդելու Արցախյան պատերազմի ժամանակ կիրառված ռազմական հանցագործությունների բացահայտման և միջազգային դատապարտման տեսանկյունից։ Արևմտյան Հայաստանը բազմիցս անդրադարձել է ռազմական հանցագործություններին և հնարավորին չափով պատրաստակամ է աջակցելու  կոնգրեսականներին ՝ այս խնդրի լուծման գործում։