ՀՀ Տավուշի մարզի Բարեկամավան փոքր գյուղը  երեք կողմից շրջապատված է ադրբեջանական դիրքերով։

Ժամանակին գյուղը 1150 բնակիչ ուներ։ Այսօր այստեղ բնակվում է մոտ 160 մարդ։ Հաշվի առնելով, որ գյուղի բնակչության ավելի քան 70%-ը 60 տարեկանից բարձր են, սուր է առաջին բուժօգնության խնդիրը։ Գյուղի բուժկետի շենքը վերջին անգամ վերանորոգվել է 2005 թվականին, բայց այն ժամանակ հաշվի չեն առել, որ անձրևաջրերը կուտակվում են պատերից մեկի տակ։ Բացի այդ, փոթորկի հետևանքով տանիքն է ավերվել։

Գյուղում լուրջ խնդիր է նաև խմելու ջուրը։ Մարդիկ տներում շաբաթական ընդամենը մեկ անգամ են ջուր ունենում։ Ոչ պակաս կարևոր է անվտանգության հարցը։ Ադրբեջանական դիրքերից լավ երևում է ինչպես գյուղը, այնպես էլ դեպի գյուղ տանող միակ ճանապարհը։ Ու թեև 2015 թվականից հետո այստեղ կրակոցներ չեն հնչել, բայց հետպատերազմյան իրավիճակի ֆոնին բնակիչները մտահոգված են։

Գյուղում երկրորդ ճանապարհն էլ կա, որի մեծ մասը Ադրբեջանի ԶՈւ տեսանելիության գոտուց դուրս է։ Բայց այն քանդված է, վերջին անգամ ասֆալտապատել են մինչև 2000 թվականը։ 

Գյուղի բնակիչները գյուղատնտեսությամբ են զբաղվում ընդամենը 50-55 հեկտար պահուստային հողի վրա։ Ջրի բացակայությունը թույլ չի տալիս նորմալ մշակել նույնիսկ տնամերձ տնտեսությունները։

Արևմտյան Հայաստանը դիմում է ՀՀ ղեկավարությանը անհապաղ զբաղվել այս հարցով, հակառակ դեպքում գյուղի դատարկումը կհանգեցնի վատ հետևանքների։ Ցանկանում ենք հիշեցնել, որ նախ սահմանամերձ գյուղում ապրող բնակիչն է սահման պահողը իր ապրելով և արարելով։ Եվ յուրաքանչյուրի պարտքը պետք է լինի նախ և առաջ ձեռք մեկնել սահման պահող գյուղացուն։