ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող միջազգային տեղեկատվության և ցանցային կապի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կենտրոնը առանձին հոդվածով (https://www.unesco-ichcap.org/pilgrimage-to-the-st-thaddeus-apostle-monastery/) անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ պատրաստված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» թեմայով Հայաստանի Հանրապետության հայտի ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցմանը։ 

Սուրբ Թադեոսի (Թադեի) վանքը համարվում է քրիստոնեության հաստատման առաջին վկայություններից Հայաստանում: Այն գտնվում է պատմական Արտազ գավառում՝ ժամանակակից Իրանի Մակուի շրջանում: 2008 թ. Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացմամբ Թադեի վանքը Ս. Ստեփանոս և Ձորձոր վանքերի հետ միասին «Հայկական եկեղեցիները Իրանում» անվանումով գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

«Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտի գրանցումն արժևորվում է այն հանգամանքով, որ այն ներկայացնում է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության համատեղ պահպանությունն ու կենսունակության ապահովումը, ինչպես նաև հայ-իրանական մշակութային համագործակցությունը: