Եզդիների արդարադատության կոմիտեն (YJC), ուսումնասիրելով եզդիների ցեղասպանության մեջ պետությունների դերն ու անփութությունը, ավարտել է իր զեկույցը, որի վրա ծախսվել է երեքուկես տարի։ Միջազգային իրավապաշտպան 5 կազմակերպությունների առաջատար իրավաբաններից կազմված կոմիտեն և հայտնի իրավապաշտպան Հելենա Քենեդին, ով մասնակցություն է ունեցել զեկույցի պատրաստմանը, կոչ են արել եզդի ժողովրդի դեմ կազմակերպված ցեղասպանությանը համագործակցելու համար դատել Թուրքիային՝ Արդարադատության միջազգային դատարանում։

278 էջանոց զեկույցում ասվում է, որ թուրքական պետությունը թույլ է տվել ԴԱԻՇ-ի վարձկաններին անցնել սահմանը, թույլ է տվել եզդի կանանց ու երեխաներին ստրկացնել՝ վաճառելով փողի դիմաց, վարձկանների հետ զորավարժանքներ է անցկացրել՝ քրդերի դեմ պայքարելու համար և այդպիսով աջակցել է ցեղասպանության կազմակերպիչներին։

Սրան զուգահեռ՝ գրող Էլիֆ Շաֆաքը, հիշեցնելով Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում պատանդ պահված եզդի մոր ու երեխայի վիճակը, որոնք ազատվել են փրկագնի դիմաց, ասել է. «Եզդիների հալածանքը մեծ ամոթ է։ Ցեղասպանությունը չի ավարտվել, և ավելի քան 3000 եզդի կանայք և աղջիկներ դեռևս անհետ կորած են»։

Արևմտյան Հայաստանը դատապարտում է ցեղասպանական ցանկացած ակտ, քանի որ հարուրամյակ առաջ հայերը ցեղասպանվեցին իրենց բնիկ տարածքներում և մինչ օրս կրում են դրան աղետալի հետևանքները։