Մինչև Օսմանյան կայսրության տարածաշրջանում կազմավորվելը, համշենցիները քրիստոնեական համայնք էին: Դա հաստատում են նաև թուրքական ​​պատմագրության հայտնի հեղինակներից մեկը՝ Ֆահրեթթին Քըրզըօղլուն և օսմանյան փաստաթղթերը։

Օսմանյան արխիվի փաստաթղթում (DH.İD 116 65), որին ես նախկինում անդրադարձել եմ նաև մեկ այլ հոդվածում, համշենցիները ներկայացվում են որպես «Համշենի հայեր, ովքեր մահմեդականացվել են»: Քըրզըօղլուն համշենցիների և ընդհանրապես հայերի պատմությունը նախաքրիստոնեության և թուրքականության հետ կապելու համար ոչ մի վտանգ չի տեսնում ասելու, որ համշենցիները «ընդունել են ժամանակի իսկական կրոնը՝ քրիստոնեությունը»։ Սակայն, վերջերս ի հայտ են եկել ծայրահեղ ժխտողականներ, ովքեր պնդում են, որ համշենցիները պատմության մեջ  երբևիցե քրիստոնյա չեն եղել: Ահա թե ինչու մենք պետք է երկար կանգ առնենք այս պարզ փաստի վրա:

Իհարկե, փաստաթղթերը միակ աղբյուրը չեն, որտեղ կարող ենք տեսնել համշենցիների քրիստոնեական անցյալը: Նրանք, ովքեր զբաղվում են բանավոր փոխանցվող պատմությունների ուսումնասիրությամբ, ձեռք են բերել բազմաթիվ տեղեկություններ և պատմություններ այդ անցյալի վերաբերյալ: Դրանցից մի օրինակ էլ իմ լուսահոգի մայրիկ արդելեցի Սուտիի հետ կատարած իմ նկարահանումն է։

Նկարահանումն սկսվում է այս խոսքերով՝ «Ես փոխեցի կրոնս, ընդունեցի իսլամը, հրաժարվեցի սնահավատությունից», որոնք նա սովորել է իրենց գյուղի ուսուցչից (https://youtu.be/w-PFDHZdC1A:  Ես ցույց տվեցի ձայնագրությունը շատ գյուղական ուսուցիչների, նրանք բոլորն ասացին, որ  նշված խոսքերը սովորաբար ուսուցման ընթացքում աշակերտներին չեն փոխանցվում: Այս խոսքերում բացահայտ խոստովանություն կա, որ հին կրոնը լքվել, փոխվել է և ընդունվել է իսլամը:

Ի՞նչ պատահեց քրիստոնյա համշենցիներին

Արդյո՞ք բոլոր համշենցիները մուսուլման դարձա՞ն։ Իհարկե ոչ: Համշենցիների մի մասը գաղթել է դեպի արևմուտք այն բանից հետո, երբ Համշենում սկսվեց իսլամացումը։ Նրանք հաստատվեցին Տրապիզոնի, Սամսունի (Ջանիկ), Օրդուի շրջաններում։ Իհարկե, դրա ամենակարևոր պատճառը հավանաբար այն էր, որ այս շրջաններում բնակվող բնակչության մեծամասնությունը քրիստոնյա էր և նրանք իրենց ավելի ապահով կզգային։ Դեպի արևմտյան շրջաններ գաղթած քրիստոնյա համշենցիներից ոմանք 19-րդ դարում սկսեցին մեկնել արտերկիր՝ Ռուսաստան և Աբխազիա՝ աշխատանք գտնելու համար։ Որոշ ժամանակ անց նրանք տարան նաև իրենց ընտանիքներին և հաստատվեցին այդ շրջաններում։ Այսօր քրիստոնյա համշենցիներն ապրում են Ռուսաստանի Սոչի, Կրասնոդար, Մայկոպ, Ռոստով և Վորոնեժ քաղաքներում: Աբխազիայի բնակչության զգալի մասը քրիստոնյա համշենցիներն են։ Ի դեպ, Համշենը նրանց համար մի փոքր այլ նշանակություն ունի, քան մեզ համար։ Հայկական եկեղեցուն հավատարիմ լինելու պատճառով քրիստոնյա համշենցիները հաճախ իրենց բնորոշում են որպես համշենցի հայեր: Մի մասն էլ իրենց անվանում են ջանիկցի, տրապիզոնցի և այլն, իրենց ազգությունը կապակցելով նախկինում բնակված վայրերի տեղանունների հետ։

Փաստորեն, սա կարևոր պատկերացում է տալիս մեր համշենցի ինքնության մասին: Համշենցու էթնիկ ինքնության ձևավորումը համընկնում է հետիսլամական շրջանի հետ։ Մուսուլմանական և հայկական ինքնությունների համակեցությունը շատ դժվար է երկու ինքնությունների համար էլ։ Ուստի մահմեդական դարձած հայերին, բացի հայ լինելուց,  այլ պատկանելություն էր պետք: Այս անհրաժեշտությունը լրացվեց  «համշենություն» տերմինով։ Այսօր Չայելի Ռաշոտ շրջանում համշեներեն խոսացող շատ քիչ թվով   մարդիկ  կան, ովքեր  իրենց լեզուն անվանում են  արմեներեն(հայերեն), ոչ թե համշեներեն, ինչպես մենք ենք դա անում: 

Արդյո՞ք Թուրքիայում քրիստոնյա համշենցիներ կան

Արդյո՞ք բոլոր քրիստոնյա համշենահայերը գաղթել են Ռուսաստան և Աբխազիա։ Իհարկե ոչ։  Նրանք, ովքեր մնացել էին, ապրեցին այն ամենը, ինչ տեղի ունեցավ հայերի հետ 1915 թվին՝ աքսոր, տեղահանություն, մահ։ Կա՞ն քրիստոնյա համշենցիներ, ովքեր վերապրելով այս բոլոր սև օրերը, այսօր էլ ապրում են Թուրքիայում։ Այս հարցին, որքան գիտեք, պատասխանել եմ, որ «Համշենցիների համայնք» չկա։ Սակայն, իմ ձեռք բերած որոշ տեղեկությունների համաձայն, մեր երկրում դեռևս ապրում են Ջանիկի, Տրապիզոնի, Սինոպի և Օրդուի՝ ցեղասպանությունից մազապուրծ փրկված և այժմ Ստամբուլի հայ համայնքին ինտեգրված քրիստոնյա համշենահայեր։ 

Փոխվել է մեր կրոնը, բայց ոչ մեր լեզուն ու ավանդույթը

Ցավոք, Աբխազիայում և Ռուսաստանում ապրող համշենցիներին Թուրքիայում այնքան էլ չեն ճանաչում։ Բացի Վովա համույթի մոսկովյան համերգից և մեկ-երկու ճամփորդությունից, տարածաշրջանի մարդկանց հետ այնքան էլ շփում չի եղել։ Սակայն այս մարդկանց ապրելակերպը, լեզուն, մշակույթը նույնն է, ինչ մերը։ Վահան Մենակեցիի «Դուշա Հեմշինա» (Հեմշինի ոգին) գիրքը, որը ռուսերեն հրատարակվել է 2013 թվականին, մի գանձարան է նրանց ճանաչելու համար։ Գրքում մանրամասն նկարագրված են համշենցիների տնաշինական և ճարտարապետական ​​ունակություններն ու որակները, նշված են բոլոր այն նյութերը, որոնք համշենցիներն օգտագործում են շինարարության մեջ։ Ներկայացված են նաև Համշենի ուտեստները՝ իրենց բաղադրատոմսերով՝ ջեմուր, ծիլիխտա, գապլամա, քավինձ, տուշի, աբուր և այլն։ Հետո նկարագրվում են ամուսնության և հարսանեկան ավանդույթները։ Այնուհետեւ գրքում ներկայացվում են համշենցիների կողմից օգտագործվող երաժշտական գործիքները՝ տկզար, քամանչա, շվի, դհոլ, զուռնա: Դրանք ոլորն էլ մեր կողմից օգտագործվող գործիքներ են։

Աբխազիայում բավականին շատ են երաժիշտներն ու երգասացները։ Հանդիպում են նաև բանաստեղծներ, ովքեր գրում են Համշենի հայերեն բարբառով։ Իրենց ուրույն տեղն են զբաղեցնում նաեւ համշենցի նկարիչների աշխատանքները։

 «Համշենի ոգին» հիանալի գիրք է, որը կարող  է որպես հղում ծառայել նրանց համար, ովքեր իսկապես ցանկանում են ճանաչել Աբխազիայի Համշենական  համայնքը: Գիրքը կազմել է մի համշենահայ թոշակառու։

Հուսով եմ, որ «Համշենի ոգին» գիրքը, որն իսկական գանձ է, կթարգմանվի թուրքերեն։ Այն ստիպում է հասկանալ Սև ծովի երկու կողմերում բնակվող մարդկանց միևնույն ապրելակերպը՝ չնայած, որ նրանք դավանում են տարբեր կրոնների։

Մահիր Օզքան