Գառնեն/Կառնեն/ գյուղը գտնվում է Արևմտյան Հայաստանի Բաղեշի վիլայեթի Մշո գավառում,  Մուշ քաղաքի մոտ:

Գյուղն ունեցել է Սուրբ Հակոբ անունով եկեղեցի, որն ուներ նաև առանձին մենաստան: Եկեղեցուն կից գործում էր նաև դպրոցը:

Գառնենը Մշո գավառի հայաբնակ մեծ գյուղերից էր:

1914 թվականին գյուղն ուներ 130 տուն՝ 1500 հասնող  հայ բնակչով:

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։ Զբաղվում էին նաև բրուտագործությամբ:

1915 թվականի  հուլիսի 11-ին թուրքերը հարձակվում են գյուղի վրա։ Ծանր և համառ մարտեր են ընթանում։ Հայերը նահատակվում են, բացառությամբ մի քանի որբ երեխաների, որոնք ռուսական զորքերի ուղեկցությամբ անցնում են Արևելյան Հայաստան։  Թուրքերը գյուղը ավերակների են վերածում։  1916 թվականին ռուսական բանակի կողմից Մուշի գրավումը հնարավորություն տվեց տարոնահայությանը  վերադառնալ բնօրրան, որոնց շարքում էին նաև Սասունի՝ ցեղասպանությունը վերապրած հայրենակիցները:

Սակայն 1918 թվականին կրկին Օսմանյան բանակի նոր հարձակումը ստիպեց Մշո գավառի հայերին լքելու սրբազան Տարոնը: