
Էրեբունի ամրոցի միջնաբերդում ամփոփվեցին 2008 թվականից ամրոցի տարածքում իրականացվող պեղումների վերջին 1 տարվա արդյունքները:
Արգելոց-թանգարանի միջնաբերդում արշավախումբը հյուրընկալեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։ Հայ և ֆրանսիացի հնագետների համագործակցության շրջանակներում իրականացվող հետազոտությունների այս ծրագիրը հիմնականում կենտրոնացած է բերդի մոնումենտալ կենտրոնի՝ ուրարտական տաճարների և մեծ սյունասրահի վրա:
Անն Լույոն նշեց, որ ֆրանսիական հնագիտական արշավախմբի ղեկավար Ստեֆան Դեշամը հայ և ֆրանսիացի գործընկերների, ուսանողների հետ միասին աշխատում է այս հնավայրում երկար տարիներ շարունակ՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ:
Ֆրանսիացի պրոֆեսոր Ստեֆան Դեշամը ներկայացրեց, որ այստեղ են մի կողմից հայ հնագետ գործընկերների հետ գիտական համագործակցություն ծավալելու և գիտական փոխանակումներ ունենալու, մյուս կողմից Էրեբունի ամրոցի ողջ պատմությունը ուսումնասիրելու համար:
«Մեզ համար կարևոր է հասկանալ Ուրարտական թագավորությունից Աքեմենյան թագավորություն անցման այս կարևոր ժամանակաշրջանը»,-եզրափակեց հնագետը: