Սաիթ Չեթինօղլու

Երբ նայում ենք ցեղասպանությունը վերապրած հայերին վերաբերող հետպատերազմյան կառավարության ընդունած որոշումներին, տեսնում ենք մի հրահանգ, որը ուղարկվել է սահմանադռները հսկող զինվորական և քաղաքացիական պաշտոնյաներին։ Հրահանգը կազմված է 11 հոդվածից, որտեղ նշված է այն ամենը, ինչ անհրաժեշտ է հայերի մուտքը երկիր կանխելու համար: Բացի թվարկված պայմանների ծանրությունից, նշվում է ևս մեկ պայման, որի տրամաբանություն շատ պարզ է․ որևէ հայ չի կարող մտնել երկրի սահմաններից ներս, եթե իր հետ բավարար սնունդ չունի։

Բազմիցս գրվել է այն մասին, թե ցեղասպանության ժամանակ ինչպես են հայերին քշել իրենց տներից  և ստիպել քայլել մահվան ճամփաներով։ Մահվան այս երկար ու ձիգ աքսորավայրերում  հրաշքով փրկվողներ էլ եղան։ Այսօր մենք ցեղասպանության գործընթացի վերաբերյալ գրեթե ողջ տեղեկության համար պարտական ​​ենք այս վերապրածներին: 

Բնականաբար, պատերազմի ավարտից հետո այդ մարդիկ կուզենային վերադառնալ հայրենիք: Մենք գիտենք, որ հայերը իրենց հայրենիքին կապված են հավերժական կապով: Էլ չխոսենք հայերի ազգագրական-պատմական կյանքի, տնտեսական ու սոցիալական հարաբերությունների, ծավալուն գրականության մասին. ոչ մի ժողովուրդ երբևէ չի ստեղծել այնպիսի հարուստ ստեղծագործությունների շարք, որտեղ եռանդուն կերպով նկարագրվում է սեփական հայրենիքի՝ նույնիսկ ամենահեռավոր անկյունի  առուն, ծաղիկն ու միջատը։ Այսօր, ուսումնասիրելով այս հոդվածը, Անատոլիայի (Արևմտյան Հայաստան-խմբ.) իրական պատմությունը վերստին շարադրվելու պետքությունունի: Այս հոդվածում թաքնված է Անատոլիայի ամենահեռավոր անկյունների պատմությունը։

Ինչպե՞ս կարող էին հայերը բավարար սնունդով հետ վերադառնալ, երբ բոլորս գիտենք նրանց անցած ճանապարհը եւ նրանց կացության պայմանները  փախստականների ճամբարներում։ Ավելին, այս զոհերը չգիտեին, թե ինչ պայմաններ են իրենց սպասում հայրենիքում։

Տարբեր փաստաթղթերից մենք հասկանում ենք, որ այդ վերադարձը տեղի է ունեցել 1919 թվականի կեսերին։ Զոհերից ոմանք այնուամենայնիվ, հնարավորություն ունեցան վերադառնալու իրենց հայրենիք։ Ի՞նչ եղավ նրանց հետ․ Անկարայի կառավարությունն առաջին հերթին որոշեց արգելել նախ հայերի, իսկ հետո՝ բոլոր ոչ մուսուլման ազգերի (քրիստոնյաներ) տեղաշարժը։ Ներքին գործերի նախարարության՝ 1920 թ․ հունիսի 14-ի 336 որոշմամբ  հայերը պետք է մնային այնտեղ, որտեղ գտնվում են, արգելվելու էր նրանց մուտքը հայրենիք։ Նրանք մտահոգված էին, որ հայերը ունեցվածքը հետ ստանալու պահանջ կներկայացնեն։ Մինչդեռ, հայերին պատկանող գույքը արդեն բաշխվում էր որպես լքված գույք և ցանկալի չէր լինի, որ այդ ընթացքում հայերը որևէ բողոք ներկայացնեն։

Այն հայերը, ովքեր ինչ-որ կերպ փրկվել էին տեղահանությունից և վերադարձել տուն, ձերբակալվում էին շինծու մեղադրանքներով և դատապարտվում տարբեր պատիժների, այդ թվում՝ մահապատժի։ Որպես այդ օրերի ականատես՝ Սարգիս Չերքեզյանը կարևոր տեղեկություններ է տալիս։ Սարգսի հայր Ղազարոսը (Չերքեզօղլու), ով ցանկանում էր պահանջել Քարամանում բռնագրավված իր ունեցվածքը, իր փաստաբանից երկու առաջարկ է ստանում՝ կա՛մ լռել, կա՛մ մահապատիժ։  Ղազարոսի ունեցվածքը վաճառվում է իր աչքի առաջ, իսկ իրեն որպես փրկագին՝ աքսորավայր են ուղարկում։

Ելնելով «Միլլիյեթ» թերթում Ազատ հանրապետական ​​կուսակցության առաջնորդի տված հարցազրույցից,  մենք հասկանում ենք, որ տեղաշարժման արգելքը շարունակական ​​է եղել։

Իսկ Մուստաֆա Քեմալի ընկեր Ֆեթհի բեյը հայկական թերթի թղթակցին տված հարցազրույցում այսպես է ասել. «Ինչպես հայտնել ենք մեր ծրագրում՝ բոլոր քաղաքացիները պետք է ունենան հավասար իրավունքներ։ Եթե ​​կա կոռուպցիա, անարդարություն, մենք ուզում ենք, որ այն վերացվի։ Բոլոր քաղաքացիները այս երկրի զավակներն են։ Ճամփորդությունն ու առևտուրը պետք է բոլորի համար լինեն ազատ, և բոլորին պետք է արժանապատվորեն վերաբերվել։ Եվ սա բխում է երկրի շահերից։ Կարծում եմ՝ շատ ձեռնտու է ամեն ինչի մասին բաց խոսելը»։

Սակայն, եթե կարծում եք, որ այս տեղաշարժի արգելքը չի գործել, սխալվում եք։ Արգելքը շարունակվում էր, և պետությունը վերահսկում էր իր ոչ մուսուլման քաղաքացիներին հատուկ հանձնաժողովի կողմից: 

Պետությունը այս հողերի հնագույն, բնիկ ժողովուրդներին, որոնց ընդունում է որպես փոքրամասնություններ, համարում է օտարներ, որոնք  դարձել են «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի համակարգող հանձնաժողովի»  (ASİMKK) հետաքրքրության առարկան։