Հունաստանում Հայաստանի Հանարպետության դեսպանության հայտարարությունը.

Հուլիսի 5-ին CBC TV Azerbaijan հեռուստաալիքի կողմից հեռարձակված և Հունաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից հունարեն թարգմանաբար տարածվող տեսանյութը Արցախի Մեհմանա գյուղի և պատմամշակութային ժառանգության վերաբերյալ ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանում սովորական դարձած հայատյացության ու հայերի դեմ ատելություն սերմանելու քաղաքականությունն այլ երկրներ «արտահանելու» ջղագրգիռ փորձ։

Արցախի Մարտակերտի շրջանի Մեհմանա գյուղը հիմնվել է չորս հույն հանքահանների կողմից, ովքեր ցեղասպանությունից մազապուրծ Պոնտոսի հույներ էին։ Մինչև պատերազմը հույներն ու հայերն այստեղ ապրել են կողք կողքի, կային բազմաթիվ հայ-հունական ընտանիքներ։

Ադրբեջանի CBC TV հեռուստաալիքի տեսանյութում հունական ուղղափառ եկեղեցու ու հունական պատմամշակութային ժառանգության «ոտնձգության» փաստերը ևս խեղաթյուրված են և չեն համապատասխանում իրականությանը:

Տեսանյութը դիտավորյալ լռում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ավերված մեկ այլ ուղղափառ եկեղեցու՝ Շուշիի հունական ուղղափառ (ռուսական) Մեծ նահատակ Գեորգի Հաղթականի տաճարի մասին, ուր հաճախում էին նաև հույները։ 1960-ականների սկզբներին, երբ ԱԽՍՀ ղեկավարությունը որոշեց քանդել Շուշիի հայկական մասը, ապամոնտաժվեց նաև եկեղեցին, որի հիմքի վրա կառուցվեց Մշակույթի տան շենքը։

Թուրքերի կողմից իրագործված ցեղասպանության տարիներին, իրենց բնիկ տարածքներում սպանվել և ունեզուրկ են դարձել ինչպես հայերը, այնպես էլ մեր տարածքներում հաստատված հույները, եզդիները և այլ ազգեր։ Ցեղասպանությունից հետո Արցախում փրկություն գտած ժողովուրդների ճակատագիրը այս անգամ էլ  Թուրքիայի բռնապետական եղբայրը՝ Ադրբեջանը խարսխեց։ Այս հարցով հույս ենք հայտնում որ կլինի միջազգային անդրադարձ և փորձ կարվի լռեցնել ստահոդ լուրերը, որոնք տարածվում են Ադրբեջանական իշխանությունների կողմից։