Ամերիկյան «Genocide Education Project» կազմակերպությունը Հայերի դեմ իրագործված ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված թանգարան-ինստիտուտի հետ համագործակցելով 2022 թ. հուլիսի 9-17-ը կազմակերպում է ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր:

Դասընթացը տեղի է ունենում թանգարանի գիտաժողովների սրահում դասախոսություն-գործնական պարապմունք ձևաչափով:

Առանձին դասաժամ է հատկացվել Արցախյան հիմնահարցին: Ծրագիրը ներառում է հատուկ մշակութային մաս, որը կնպաստի ուսուցիչների շրջանում  հայերի պատմության և Հայաստանի վերաբերյալ ընդհանուր ճանաչողության բարձրացմանը:

«Այս տարի ծրագրին մասնակցելու են 15 ուսուցիչներ՝ ԱՄՆ 15 տարբեր նահանգներից: Նրանց մեծ մասն ունի հումանիտար ոլորտում դասավանդելու 20 և ավելի տարիների փորձ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ծրագրի արդյունքում մասնակիցները, ծանոթանալով Հայերի դեմ իրագործված ցեղասպանության  թեմայի դասավանդման մեթոդներին, շեշտադրումներին, GenEd կազմակերպության աջակցությամբ կկազմակերպեն վերապատրաստման նման ծրագրեր և գործնական պարապմունքներ իրենց նահանգներում:

Արևմտյան Հայաստանը կարևորում է նմանատիպ դասընթացների անցկացումը, քանի որ դա նպաստում է հայերի դեմ իրագործված ոճրագործության բարձրաձայնմանը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանությունը, դատապարտելով այն, սակայն Արևմտյան Հայաստանը դեռևս սպասում է ավելի լուրջ գործողությունների, որպեսզի հայերը այդ տարածքներում վերականգնեն բնիկության իրավունքը և ազատեն հողերը թուրքական օկուպացիայից։