2022 թվականի հունիսի 13-ից հուլիսի 8-ը Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանը:

Նստաշրջանի ինտերակտիվ երկխոսությունները և քննարկումները կենտրոնանում էին Խորհրդի օրակարգի այնպիսի առանցքային հարցերի շուրջ, ինչպիսիք են կանանց և աղջիկների իրավունքները, ներքին տեղահանված անձանց և միգրանտների իրավունքների խնդիրները և այլն: ՄԻԽ-ն անդրադարձել է նաև կրթության իրավունքին, թրաֆիքինգի և արտադատական մահապատիժների դեմ պայքարի հարցերին:

ՀՀ պատվիրակությունը նստաշրջանի ընթացքում հանդես է եկել 35 հիմնական և պատասխան ելույթներով: Շեշտվել է, որ Հայաստանը, որպես Մարդու իրավունքների խորհրդի անդամ, շարունակում է նպաստել ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանը՝ ազգային և միջազգային մեխանիզմների ամրապնդման միջոցով: Մանրամասն անդրադարձներ են կատարվել Ադրբեջանի կողմից Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և պատերազմական հանցագործություններին:  Հայաստանը նաև, որպես ՄԻԽ պաշտոնական փաստաթուղթ, շրջանառել է չորս հայտագիր, որոնք հիմնականում վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Դրանցից մեկն անդրադառնում էր Մարաղայում հայերի կոտորածի 30-ամյակի ոգեկոչմանը: