Ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղը դիմել է դատական համակարգին՝ Անկարայի կենտրոնում գտնվող պատմական Ուլուս թաղամասի հայ կաթոլիկ գերեզմանատների վրա կառուցվող շինարարության վերաբերյալ։ Պալատի տարածած հաղորդագրության համաձայն՝ դատարանը չեղյալ է հայտարարել ժամանակավոր կառույցի լիցենզիաները։
Գնահատելով որոշումը՝ Ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղի նախագահ Թեզջան Քարաքուշ Ջանդանը ասաց. «Բոլոր գիտական աղբյուրներից որպես հայկական կաթողիկե գերեզմանատուն հայտնի վայրում անընդունելի է որևէ խանութ կառուցելը։ Այստեղ մարդկային ոսկորներ են հայտնաբերվել։ Մեր եղբայրության և միասին ապրելու կարևոր ցուցիչ ու վկա հանդիսացող հայկական գերեզմանատան վրա խանութի ապօրինի կառուցման դեմ հայց ներկայացրեցինք դատական համակարգ, որի արդյունքը եղավ այն, որ դատարանը չեղյալ հայտարարեց խանութի կառուցման շինթույլտվությունը և խորհրդի որոշումները, ինչը բոլոր առումներով անօրինական էր։ Իհարկե, որոշումը հանրային շահի տեսանկյունից ուրախացնող է, սակայն պատմական գերեզմանոցը արդեն ավերվել է։ Այս որոշման համաձայն պետք է պատժվեն բոլոր մեղավորները»։
Սա թուրքական հատուկ գործելոճ է, նպատակն է վերացնել հայկական հետքը, իսկ դրանից հետո տասնամյակներ ընթացող դատական գործեր հարուցել։ Արևմտյան Հայաստանը դատապարտում է այս ամենը, և կոչ անում միջազգային հանրությանը սթափ նայել այս իրավիճակին և հստակ գնահատականներ տալ այս դեպքի առթիվ։