Արևմտյան Հայաստանի Դերսիմ նահանգի Նազիմիե գավառի Ջըվրաք գյուղը 1938 թվականի Դերսիմի ջարդերից ամենաշատ տուժած գյուղերից է։ Այստեղ Դերսիմի կոտորածից հետո էլ իրականացվեց պետության ձուլման քաղաքականություն, սակայն գյուղացիները շարունակեցին վերադառնալ Ջըվրաք։

«Նազիմիեի Ջըվրաք գյուղ» ասոցիացիան միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցում էին բազմաթիվ քաղաքացիներ և քաղաքական գործիչներ։

Դերսիմցի պատգամավոր Ալիջան Օնլուն, ընդգծելով, որ իրենց կոտորել են սեփական հողում, նշեց հետևյալը. «Այս գյուղում կոտորած եղավ, բայց հետո գյուղը վերստեղծեց իր արժեքները։ Այս գյուղում դավանում են ալևիական հավատքը, իսկ այնտեղ, ուր  մեկ հավատք է գերակշռում, չի կարելի մեկ այլ հավատք պարտադրել»։

Ելույթ ունեցավ նաև Դերսիմի քաղաքապետը, ով մասնավորապես ասաց, որ  շատ մարդիկ կան, ովքեր վերադարձի հետ կապված մտահոգություններ ունեն, սակայն նրանք այլ ելք չունեն, քան վերադառնալ հայրենի հողը: Նրա խոսքով՝  յուրաքանչյուր դերսիմցի պատասխանատվություն է կրում իր հողի և արժեքների հանդեպ։ Սա մի տարածք է, որտեղ մարդիկ դեմոկրատ  մտածելակերպ ունեն։