Արևմտյան Հայաստանի տեսարժան վայրերից մեկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության փորձնական ցուցակում գտնվող անտիկ Հարրան (Խառան) քաղաքի ամրոցի պալատը այցելուների համար բացելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Այս կառույցը համարվում է Մերձավոր Արևելքի ամենամեծ մոնումենտալ ամրոցը, որը հավանաբար, կբացվի հաջորդ տարի: Հնագետների նպատակն է հասնել Սին կամ Սաբի կոչվող տաճարի ավերակներին։

Հարրանի ավերակների պեղումների ղեկավար պրոֆ. Դոկտ. Մեհմեթ Օնալը հայտարարել է, որ պեղումները շարունակվում են արդեն 9 տարի։

Նշելով, որ Հարրանի պալատը դեռևս փակ է այցելուների համար, պրոֆեսոր Օնալը շարունակեց. «Այս պահին այցելուները չեն կարող տեսնել այդ հիասքանչ պալատը։ Պեղումներին զուգահեռ շարունակվում են վերականգնման աշխատանքները։ Պետք է կառուցվի փայտե կամուրջ, որի շնորհիվ այցելուները կկարողանան տեսնել այն։ Այս ամրոցը նաև շատ կարևոր է միջնադարյան պատմության առումով: Միջնադարյան ճանապարհորդների մեծ մասը նշել է, որ Սաբի տաճարը նույնպես գտնվում է այս ամրոցում: Հուսով ենք գտնել Սին կամ Սաբի կոչվող տաճարի ավերակները, ինչպես նաև բացահայտել ամբողջ պալատը և նրա սրահները»: