Հայերից բացի ՀՀ կառավարությունը օգնություն կտրամադրի նաև ԻՔ ճամբարներում հայտնված եզդի փախստականներին, ներքին տեղահանության ենթարկված քրդերին ու ասորիներին։

Ճգնաժամային իրավիճակների պատճառով Իրաքի կենտրոնական և հարավային շրջաններից ու Սիրիայից Իրաքյան Քրդստանի տարբեր բնակավայրեր են տեղափոխվել շուրջ 250 հայ ընտանիքներ։

Իրաքի հայ համայնքի` ՀՀ կառավարությանը տրամադրած տվյալներով նրանք գտնվում են կենցաղային ծանր պայմաններում և մարդասիրական աջակցության կարիք ունեն։

Տեղական իշխանությունները, Իրաքի Հայոց առաջնորդարանը, ինչպես նաև միջազգային մարդասիրական կազմակերպությունները նրանց պարբերաբար մարդասիրական օգնություն են տրամադրում, որը, սակայն, բավարար չէ բնականոն կենցաղն ապահովելու համար։ Մշտապես առկա է սննդի, դեղորայքի, տաք հագուստի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների կարիք։

Մարդասիրական խնդրի լուծման համար ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը հատկացնել 80 000 ԱՄՆ դոլար՝ անհրաժեշտ ապրանքների գնման և օգնության բաշխման նպատակով։