ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը սկսում է «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով գիտաժողովների շարք՝ նպատակ ունենալով առանձին-առանձին անդրադառնալու հայերենի 11 բարբառախմբերից յուրաքանչյուրին։ Շարքի առաջին գիտաժողովը «Ղարաբաղ-Շամախիի կամ հյուսիսարևելյան միջբարբառախումբ. արդի վիճակ, միտումներ և մարտահրավերներ» խորագրով է։

Այս մասին «Արցախպրես»-ը տեղեկանում է Արցախի պետական համալսարանից։

Միջազգային գիտաժողովը, որը համատեղ կազմակերպում են ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը և Արցախի պետական համալսարանը, խնդիր ունի նպաստելու բարբառախմբի՝ ինչպես պատմական, այնպես էլ համակողմանի հետազոտությանը և պահպանմանը:

Կազմակերպիչները ցանկացողներին հրավիրում են մասնակցելու Երևանում հոկտեմբերի 20- 21-ը  կայանալիք գիտաժողովին։ Աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, անգլերենը, ռուսերենը։