Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս այցելել է Ասկերանի շրջան և տեղում հետևել երեք խոշոր տնտեսվարողների կողմից տարվող աշխատանքների ընթացքին։

Այս մասին երկրի ղեկավարը գրառում է կատարել ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ հավելելով, որ տնտեսվարողներից երկուսն իրենց գործունեությունը սկսել են պատերազմից հետո, իսկ երրորդը՝ ընդլայնել ըստ նախանշվածի:

«Ծրագրերն իրապես շատ կարևոր են, քանի որ ընդամենը մի քանի տարվա ընթացքում ապահովելու են բարձր տնտեսական արդյունք, հարյուրավոր աշխատատեղեր: Սակայն առանցքայինը, որի վրա կցանկանայի հրավիրել յուրաքանչյուր հայի ուշադրությունը, ապրող Արցախն է… Հող հայրենին շեն պահելու լավագույն բանաձևը այն մշակելով ապրեցնելն է»,-նշել է ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը։

Հայերը պետք է ապրեն իրենց բնիկ տարածքներում և դա հենց ժամանակի հրամայականն է։ Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունից ի վեր , իրենց բնիկ տարածքներից վտարված հայերը այսօր պետք է կարողանան համախմբվել և շենացնել Արցախը և Արևմտյան Հայաստանը։