Տիգրանակերտի «Մշակութային և բնական ժառանգության պահպանություն» ասոցիացիայի (DKVD) կողմից կազմված և երեք լեզուներով հրատարակված գիրքը վերնագրվել է «Տիգրանակերտի Սուր թաղամասի փոփոխված վայրերն ու պատմությունները․ մի հիշողության ճանապարհորդություն»:

Գրքի հիմնական թեման Տիգրանակերտի Սուր թաղամասն է, որը ըստ էության հենց Տիգրանակերտն է։ Այս թաղամասում կարելի է հանդիպել քաղաքի հազարամյակների պատմությանը և այստեղ հյուրընկալված  քաղաքակրթությունների հետքերին։

Գրքի հեղինակներն  օգտվել են գրավոր աղբյուրներից, ինչպես նաև ականատեսների տրամադրած նյութերից: Մեհմեդ Մերջան, Մկրտիչ Մարգոսյան, Մարիամ Բաշաք, Մուսա Թութկա, Սիլվա Օզյերլի, Թրուման Շաքարեր, Հալիթ Օթուք՝ այս և  ուրիշ հեղինակներից մեջբերված հատվածները՝ քաղաքի տարբեր շրջանների, առօրյա կյանքի և մարդկանց մասին, գիրքն ավելի են հարստացնում։ Իսկ այն վայրերի լուսանկարները, որոնք դեռ կանգուն են, փոխված կամ այլևս չկան, ավելի պատկերավոր են ներկայացնում Սուրը:

Գիրքը ստեղծվել է Եվրոպական միության աջակցությամբ՝ Հրանտ Դինք հիմնադրամի Քաղաքացիական հասարակության հզորացման դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Գիրքը կարող եք գտնել նաև առցանց։