Ստեփանակերտի Մշակույթի տան «Տեոդեմ-Արցախ» պարի անսամբլը Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքում կայացած «Wonderland» և «New Life» միջազգային մրցույթ-փառատոնի «Ժողովրդական ոճավորում» անվանակարգում զբաղեցրել է 1-ին պատվավոր տեղը։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է անսամբլի գեղարվեստական ղեկավար Ինգա Սեյրանյանը:

«Մրցույթին մասնակցելը մեզ համար շատ կարևոր էր։ Պատերազմից առաջ՝ 2019թ-ին, մեզ հաջողվեց Երևանում մասնակցել GlobalFest միջազգային փառատոն-մրցույթին, որտեղ ժամանակակից պարերի անվանակարգում III աստիճանի դափնեկիրներ դարձանք։ Այնուհետև մասնակցեցինք Ստեփանակերտի «Վերածնունդ» մրցույթին։ Համավարակից և հատկապես պատերազմից հետո այս մրցույթը կարծես թարմ օդ ու շունչ լիներ, ուստի, միանշանակ, որոշեցինք մասնակցել։ Մեր խմբում ընդգրկված էին 11-12 տարեկան երեխաներ։ Փաստորեն, արդարացրել ենք մեր ճամփորդության նպատակը»,- ասել է Ի. Սեյրանյան:

Արևմտյան Հայաստանը շնորհավորում է «Տեոդեմ-Արցախ» պարի անսամբլին հաղթանակի կապակցությամբ, մաղթելով նորանոր հաղթանակներ։