Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանը ֆեյսբուքյան էջում գրել է. <<Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովի այցը Շուշի առնվազն անհասկանալի է ու տարակուսելի: Այն չի բխում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շահերից և չի կարող հանգեցնել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը:  Ռուսասատանի Դաշնությունը հանդիսանում է 2020 թվականի եռակողմ հայտարարության կողմերից մեկն ու այդ նույն հայտարարության կետերի իրացման երաշխավորը: Ռուսաստանի դեսպանի այցելությունը Շուշի չի տեղավորվում ո՛չ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ո՛չ էլ դրանից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների տրամաբանության մեջ: Ռուսաստանում որոշումներ կայացնող քաղաքական գործիչները պիտի հասկանան, որ Արցախում ապրող հայության համար նույնպես կան կարմիր գծեր և անընդունելի լուծումներ՝ առանց տարբերության, թե աշխարհաքաղաքական որ կենտրոնն է դա առաջարկում և ինչպիսի փաթեթավորմամբ է պատրաստվում դա մատուցել>>:
Հիշեցնենք, որ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո բռնազավթվեց ինչպես Արցախի տարածքի մեծ մասը, այնպես էլ ԼՂԻՄ տարածք հանդիսացող Հադրութ և Շուշի քաղաքները իրենց գյուղերով։Իսկ 1990 ական թվականներին ընթացող պատերազմի ժամանակ բռնազավթվեց Արծվաշենը , որտեղ ապրում էին մեծ թվով բնիկ հայեր, իսկ բռնազավթումից հետո ցեղասպանությունից խուսափելու համար հայերը ստիպված լքեցին իրենց բնիկ տարածքը: