Իբրահիմ Քարաջա

Թեև ընդունված է որպես «նվաճման տարի» նշել 1461 թվականը, իրականում օսմանյան ժամանակաշրջանի համար այդ տարեթիվը 1456-ն է, երբ Տրապիզոնի հույներից սկսեցին հարկեր հավաքել։ Ռիզեն և նրա շրջակայքը 1470 թվականին միացվեցին Օսմանյան իշխանությանը և անցան նրա տիարպետության տակ։ Հայտնի է, որ «Յավուզ» մականունով հայտնի Սելիմ I-ը դարձել է Տրապիզոնի սանջակբեյը (տիրակալ Օսմանյան կայսրությունում, խմբ.) իր պապի՝ Ֆաթիհի՝ Տրապիզոնը գրավելուց (1481թ.) քսան տարի անց, իսկ 1512 թվականին, գահընկեց անելով հորը՝ Երկրորդ սուլթան Բեյազիթին, գահ է բարձրացել։ Պատմությունից հայտնի է, որ Յավուզ Սուլթան Սելիմը  իր հորը, 2 ավագ եղբայրներին, 6 եղբորորդիներին և 3 վեզիրներին խեղդամահ անելով՝  գահակալեց ութ տարի: Այլ աղբյուրներում նշվում է, որ նա 1508 թվականին երեք անգամ արշավանք է կազմակերպել դեպի Վրաստան և քարոզարշավներից առաջ ի լուր աշխարհի հայտարարել. «Ես արշավանք եմ սկսում  շրջապատի վրացիների դեմ, ավարից բաժին ցանկացող երիտասարդները կարող են գալ»։

Կարդալով այս տողերը, մտքում անպայման գալիս է հետևյալ հարցը. արդյո՞ք Յավուզը արշավախումբ է կազմակերպել իր պապի նվաճած հողերում ապրող թուրքերի դեմ, թե՞ նա ուզում էր թուրքացնել (իսլամացնել) հարյուրավոր տարիներ այնտեղ ապրող մարդկանց։ Որովհետև պատմական աղբյուրներն ասում են, որ նվաճումից 30 տարի անց, այսինքն՝ Յավուզի գալուց 30 տարի առաջ, տարածաշրջանում միմիայն ոչ մուսուլման ազգեր են ապրել։. «Նվաճում» կոչվածը չի եղել (ըստ իմ ընթերցումների) փոխադարձ բախումների արդյունքում մի կողմի հաղթանակ։ Տրապիզոնի կայսր Դավիթ Կոմնենոսը Տրապիզոնը հանձնեց Ֆաթիհ Սուլթան Մեհմեդին՝ խոստում ստանալով, որ ժողովրդին ու նրա ընտանիքին ձեռք չեն տա։ Բայց նա Կոմնենոս կոչվող հին բյուզանդական տոհմից էր, այսինքն՝ հույների մեջ համարվում էր բյուզանդական գահի ժառանգորդը։ Նվաճումից 7 ամիս անց նրան և իր երեխաներին գլխատեցին Կոստանդնուպոլսի Եդիքուլե թաղանասում, իսկ նրանց դիակները կախեցին Կոստանդնուպոլսի  պարիսպներից՝ որպես ուղերձ Կոստանդնուպոլսի և Պոնտոսի հույներին և քրիստոնյաներին, որ նրանք այլևս չեն կարող վերադառնալ անցյալ:  Կայսեր նախկին սպաները, ընդունելով  մահմեդականություն՝ ընդգրկվեցին ենիչերիների կորպուսում, իսկ նրա նախկին սպաներին տարան  պալատ և  նշանակեցին որպես դռնապաններ։ Ինքնակամ իսլամացման դեպքեր նկատվել են նաև Տրապիզոնի մեծ ազնվական ընտանիքներում։ Դրանցից մեկն էր, օրինակ, գլխավոր սենեկապետ Գեորգիոս Ամիրուսեսի ընտանիքը. այս ընտանիքի երկու որդիները ստացել են Մեհմեդ բեյ և Իսքենդեր բեյ անունները։

Նայելով Համշենի ցեղերին…

Եթե ​​նայենք 16-րդ դարի Օսմանյան աղբյուրներին, ապա  «Տրապիզոնի Սալնամե» տարեգրությունից բերված տեղեկությունների համաձայն՝ Համշենը Տրապիզոն նահանգի գավառներից էր։ Այն բաժանված էր երեք ենթաշրջանների՝ Համշեն, Կարահամշեն և Էքսանոս։ Ըստ օսմանյան արխիվների՝ 1681 թվականին Համշենի հայ բնակչության թիվը կազմում էր 80 տոկոս [1]։ Մարդահամարներում և այլ գրանցամատյաններում չի նշվում մուսուլման համշենցի բնակչության ծագումն ու ազգությունը: Օսմանցիների համար այդ փուլում կարևոր էր մուսուլման լինելը, մինչդեռ ոչ մահմեդականները գրանցված էին ըստ իրենց ազգային պատկանելության։ 1860 թվականին ամբողջ Լազիստանի սանջակում ապրում էր 66150 մահմեդական և 1630 հայ [2]։1872 թվականին Տրապիզոնում Բրիտանիայի հյուպատոս Կ. Պալգրևը գրում է. «Համշենի ենթաշրջաններում մեծ հայկական գաղութ է ապրում, մոտ 40 գյուղերում 20 հազար բնակչությունից 17 հազարը մահմեդական են, իսկ 3 հազարը` քրիստոնյա հայեր։ Մուսուլմանների մեջ հայերը մեծամասնություն են կազմում»: [3]

Շարունակելով գնալ Տրապիզոնի ուղղությամբ, դուք կտեսնեք մի քանի բնակավայր, որտեղ ընդունել են իսլամը և հաստատվել, թեև նրանք 17-րդ դարում փախել էին Համշենից և  եկել Արաքլի և Արսին՝ կրոնը չփոխելու համար։ Այդ բնակավյրերի թվում են Կիզիրնոցն ու Զիֆոնան։ Եթե ​​թեքվեք  Իսպիրի և Թորթումի կողմերը, կհանդիպեք համշենցիների բնակավայրերի՝ Խոտոջուր, Խոդիք, Քողոնչ, Վերինգեղ, Խոզբրիկ։ Դյուզջեի, Աքչակոչայի, Կարասուի և Քոջաալիի համշենցիները  եկել են Հոպայից օսմանա-ռուսական պատերազմից հետո, որը հայտնի է որպես «93-ի պատերազմ» և հիմնել են Արդալեցի, Աբոցի, Խիգոցի, Աչբաշ, Համշեն և Կարապետլի գյուղերը, տիրապետում են համշեներեն լեզվին, իսկ որոշ բնակավայրերում ապրում են աբխազ,   վրացի և բալկանցի (թուրք) գաղթականների հետ միասին։

Հայտնի է, որ 1860-ական թվականներին որոշ համշենցիներ, փախչելով կրոնափոխ լինելու ճնշումից, եկել են Բաթում[4]։ Կրասնոդարի՝ Կուբանի պետական ​​համալսարանից Իգոր Կուզնեցովն այսպես է ներկայացնում.«Տրապիզոնի, Օրդուի և Սամսունի (Ջանիկ) շրջանների գյուղական վայրերի հայերը ճանաչվել են որպես  իսլամացման դեմ  պայքարող համշենցի փախստականների ժառանգներ։ 1878 թվականին Պոնտոսի արևելյան հատվածը՝ համշենցիներով բնակեցված 12 գյուղերի հետ միասին մնացել է Ռուսական կայսրության Բաթումի (Աջարիա) սահմաններում։ Այսօր այդ համշենահայերը բնակեցված են Կրասնոդարից մինչև Աբխազիա ձգվող ընդարձակ տարածքում։ Բացառությամբ նրանց, ովքեր  փախել են Աբխազիայից՝  աբխազա-վրացական պատերազմի ժամանակ (1991-93),  մնացած բոլորը Թուրքիայից գաղթած փախստականների ժառանգներ են»։

Կարող են գտնվել ոմանք, ովքեր այստեղ օգտագործվող «համշենահայեր» արտահայտությունը չափազանցված  բովանդակության համար խնդրահարույց համարեն,  բայցես կարծում եմ, որ այն նույնքան «չափազանցված» է, որքան  «օսմանահայերը» կամ «օսմանցի թուրքերը», և ես դա խնդրահարույց չեմ համարում: Այս արտահայտությունը արդեն իսկ առկա է օսմանյան “Ermeniyan-ı Hemşin” փաստաթղթերում:

Երբ խոսք  է գնում աքսորի և տեղահանության մասին…

Առաջին համաշխարհային պատերազմին հաջորդած տարիներին, երբ վերագծվեցին  սահմանները, տարածքները և դրանց վրա ապրող մարդիկ նույնպես բաժանվեցին: Այս բաժանման արդյունքում  Համշենի մեծ մասը մնաց թուրքական կողմում, իսկ Հոպայի երեք համշենական գյուղերն ընդգրկվեցին Վրաստանի կազմում։ 

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այս գյուղերում ապրող մահմեդական համշենցիները այլ ժողովուրդների հետ աքսորվել են Ղազախստան և Ղրղզստան՝ զավթիչ նացիստների հետ համագործակցելու պատճառաբանությամբ։ Մինչդեռ, «թուրքերի ռազմատենչ էության» հանդեպ Հիտլերի մակերեսային հավատքի պատճառով 1941 թվականին նույնիսկ ադրբեջանցիների լեգեոն  կազմավորվեց, սակայն ադրբեջանցիներին աքսորելու մասին խոսք նույնիսկ չեղավ: Ջեյմս Ֆորսայթը իր Կովկաս ստեղծագործության մեջ դա կապում է Բաքվի նավթի կենսական նշանակության հետ. «1944թ. նոյեմբերին Հարավարևելյան Վրաստանի մահմեդականները նույնպես ամբողջությամբ տեղահանվեցին: Զոհերի թվում կային մաշեթցիներ կամ «մաշեթյա/ահիսկա թուրքեր», համշենցիներ (իսլամացված հայեր), Վրաստանի Հանրապետությունում բնակվող քրդեր և քիչ թվով լազեր»։ [5] 

Այդ տարիներին Խորհրդային Միությունը գրավել ցանկացող նացիստների հետ համագործակցողների թիվը պետք չէ թերագնահատել։ Այնուամենայնիվ, որոշ աղբյուրների համաձայն, այս տեղահանումները ավելի շատ տնտեսական պատճառներ ունեին: Գերմանացիների հետ համագործակցողների թիվը յուրաքանչյուր էթնիկ խմբի մեջ նույնն էր, բայց ոչ բոլորն են աքսորվել։ Աքսորն ու տեղահանությունը բռնության ակտ է, որը ոչնչացնում է խաղաղ բնակչությանը և վտարում սեփական հայրենիքից։ Եթե ​​նույնիսկ արդարացումներ հորինող պետությունները պատերազմի պայմաններն օգտագործում են որպես պատրվակ և ստեղծված իրավիճակի համատեքստում իրականացնում են այդ աքսորը, ի վերջո, դա նույնն է, ինչ էթնիկ զտումները։ Որովհետեւ մի կողմից կա կազմակերպված պետություն՝ իր զինված ու անզեն ինստիտուտներով, իսկ մյուս կողմից՝ «թշնամու հետ համագործակցող տարրեր» պարունակող ժողովուրդ, լինի դա հույն, թուրք, հայ թե քուրդ: Օրինակ՝ չկա մեկը, ով անտեղյակ լինի 1915 թվականից ի վեր Թուրքիայում տեղի ունեցող գործընթացին, որը ոմանք անվանում են «ցեղասպանություն», ոմանք էլ՝ «տեղահանություն», որը հանգեցրեց հայերի էթնիկ զտումներին։ Թե ինչպես է այն կոչվելու, այս հոդվածի թեման չէ, բայց կարևոր է միշտ պահել մեր մտքում այն ցավը, որի հիմքում  մենք ենք գտնվում և որի մասին վերևում ընդգծեցինք։

Այս կերպ 1,5 միլիոն մարդ աքսորվել է իրենց հողերից մարդկանց փոխանակման արդյունքում, որը սկսվել է 1923 թվականից մինչև 1927 թվականը՝ Լոզանի պայմանագրին ի հավելումն ստորագրված պայմանագրի համաձայն[6]։ Հունաստանից Թուրքիա է անցել 400 հազար մարդ, ավելի քան 1 միլիոն մարդ՝ 80 տոկոսը՝ Անատոլիայից, 20 տոկոսը՝ Թրակիայից, մեկնել է Հունաստան։ Երկու երկրների կրոնական փոքրամասնությունները «փոխանակման» անվան տակ ենթարկվեցին բռնի աքսորի։ Այս բռնի գաղթը թուրքերի մեջ հայտնի է որպես  մեծ փոխանակում, իսկ  հույներն այն անվանում են «Katastrofi», որը նշանակում է աղետ[7]:

Ուզած թե չուզած…

Նախկինում նպատակը կայսրությունում ազգայնական զարթոնքների պատճառով հողերի կորուստը կանխելն էր և  տարբեր ցեղերի ու էթնոսների համախմբումը «օսմանիզմի» շուրջ՝ ընդհանուր հայրենիքի շեշտադրմամբ: Նրանց գլխում չկար ազգային պետության գաղափարը, Օսմանյան կայսրության պահպանումը ստիպեց գնալ դրան… Բայց պատմության ու կյանքի հոսքը հույզերի վրա չէր հիմնված։ Ճանապարհը պարզ էր. նույնիսկ եթե նրանք չլինեին թուրք, միևնույնն է պետք է տեղի ունենար «թրքացում»: «Թուրք» շեշտադրումն այստեղ «ազգի» շեշտադրումն էր, որը 1908 թվից հետո երիտթուրքերի որդեգրած  Հանրապետության հիմնադիր վեց սկզբունքներից հինգում առկա էր: 

ԱՄՆ նախագահ Ուիլսոնը «չորսյակի խորհրդի» (Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա, ԱՄՆ) նիստերից մեկում ասել է. «Ես երկար ժամանակ ուշադիր ուսումնասիրել եմ թուրքական խնդիրը և եկել եմ այն ​​եզրակացության, որ միակ հնարավոր լուծումը սա է. վտարե՛ք թուրքերին Ստամբուլից»[8]։

Վիլսոնի ազդեցության տակ քրդերին հնարավորություն ընձեռվեց  Էրզրումի և Սեբաստիայի համագումարներում «Իսլամական միասնության» հիման վրա աջակցել հնարավոր  հայկական պետության ստեղծմանը ոչ միայն Սև ծովի արևելքում, այլև հայերի զբաղեցրած մյուս տարածքներում: Քրդական գաղափարի ջատագովների աջակցությունը նախատեսում էր ոչ թե դեմոկրատական-աշխարհիկ հանրապետություն, այլ խալիֆայություն:

Եթե ​​անգամ պատմության մեջ  զանգվածային ցնցումների հետևանքով առաջացած բռնագաղթն ու աքսորը սարսափելի են, դրանք անպայման ինչ-որ ելք են ունենում։ Սև ծովի Արեւելյան տարածաշրջանը նույնպես գիտի թե ինչ է դա: Կարևորն այն է, թե հարյուրավոր տարիների հեռվից մենք ինչպես ենք մեկնաբանելու մեր տեսածը  և ուր ենք հասնելու: