Արևմտյան Հայաստանի Արաբկիր քաղաքը գտնվում է Եփրատ գետի աջ կողմում, Ակն և Խարբերդ քաղաքների միջև, Մալաթիայից մոտ 70 կմ հյուսիս։ Քաղաքի դիրքը բարձր ու գեղատեսիլ է։ Շրջակայքում տարածվում են արգավանդ դաշտեր։ Ունի առողջարար օդ։ Ջրառատ է, բայց խմելու ջուրը սակավ է։ Հայտնի է իր մրգերով, հատկապես խաղողով։ Արաբկիրի մոտակայքում կան արծաթի հանքեր։ Բնակիչների զգալի մասը զբաղվում էր գյուղատնտեսությամբ` բամբակի, հացահատիկների, պտղատու այգիների մշակությամբ, շերամապահությամբ։ Արաբկիրը հայ գրչության կենտրոններից է։ Այստեղ XV-XVII դարերում գրվել են մի քանի ձեռագրեր։

Արաբկիրը թուրքական տիրապետության տակ է անցել XV դարում, շարունակ մնալով իբրև խղճուկ մի գյուղաքաղաք, ինչպես Արևմտյան Հայաստանի տասնյակ այլ քաղաքներ։

Արևմտյան Հայաստանի մյուս հարյուրավոր բնակավայրերի հայության հետ միասին Արաբկիրի հայերը ևս թուրքական ջարդարարների կողմից ենթարկվել են տեղահանման ու բնաջնջման, իսկ քաղաքի շատ թաղեր՝ հիմնովին ավերվել։ Տարագրված արաբկիրցիներից 800 հոգի 1922-ին նորից են վերադառնում և բնակություն հաստատում իրենց հարազատ քաղաքում, բայց, չդիմանալով քեմալականների բռնություններին, հեռանում են իրենց տունուտեղից և գաղթում Արևելյան Հայաստան։