Թուրքիան բանակցություններով փորձում է  ճնշում գործադրել Հայաստանի վրա, որ Հայաստանը համաձայնվի ստորագրել մի փաստաթուղթ, որտեղ գրված կլինի, որ Արցախը լինելու է Ադրբեջանի տարածքում: Այս մասին ասել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

«Այս երկկողմ համաձայնությունները, որ ձեռք են բերվել, ես գնահատում  եմ որպես նոր փուլի սկիզբ: Երկրորդ փուլին անցում կատարելու նախաձեռնությունը գալիս է  Թուրքիայից: Թուրքիան երկու նպատակ ունի: Առաջինը` Թուրքիայի համար կարևոր է, որ Հայաստանը մնա բանակցային գործընթացում, որպեսզի ցույց տրվի, որ բանակցային գործընթացում կա դինամիկա: Երկրորդը`  Թուրքիան Հայաստանի հետ բանակցությունների մեջ մտնելով լուծում է ոչ թե սահմանը բացելու, կամ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու խնդիրը, այլ որ Հայաստանը համաձայնվի ստորագրել մի փաստաթուղթ, որտեղ գրված կլինի, որ Արցախը լինելու է Ադրբեջանի տարածքում: Ես կարծում եմ` ներկա փուլում Թուրքիան լուծում է այդ խնդիրը եւ նրանք կփորձեն հնարավորինս երկարաձգել բանակցային գործընթացը, որպեսզի համընթաց ճնշում գործադրեն Հայաստանի վրա»,-ասել է նա:

Արևմտյան Հայաստանը չի կարող ընդունել որևէ հարաբերությունների կարագավորում, քանի դեռ բռնազավթված են Արևմտյան Հայաստանի տարածքները և բնիկ հայերը չեն կարողանում վերադառնալ իրենց հայրենիքը։  Արցախը ընդհանուր Հայաստանի մի մասն է և ոչ մի պարագում չի կարող լինել Ադրբեջանի կազմում։