ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը բրիֆինգի ժամանակ պատասխանել է Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում ԱՄՆ դերի մասին հարցին։ «Մենք մշտապես հայտարարել ենք, որ պատրաստ ենք փոխգործակցել երկկողմ հիման վրա եւ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահի մեր դերով, որպեսզի օգնենք երկրներին հասնել երկարաժամկետ եւ համապարփակ խաղաղության»,-ասել է Նեդ Փրայսը։

«Պետքարտուղարի օգնական Քարեն Դոնֆրիդը եւ այլ անձինք հնարավորություն են ունեցել բարձր մակարդակով շփվել իրենց հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ։ Մենք ողջունել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը։ Մենք կարծում ենք, որ երկխոսությունը խաղաղ, դեմոկրատական եւ բարգավաճ ապագայի հասնելու լավագույն միջոցն է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, եւ մենք կշարունակենք աջակցել դրան հնարավոր բոլոր եղանակներով», ասել է նա։