Հուլիսի 19-ին Վարշավայում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ Տոմաշ Գրոձկիի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ նախարար Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը:

Ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է իր լուծումը գտնի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների սեղանի շուրջ: 

Տոմաշ Գրոձկին պատրաստակամություն է հայտնել` աջակցելու խաղաղության հասնելու ջանքերին։

Արևմտյան Հայաստանը կարևորում է նման կապերի ամրապնդումը և հիշեցնում, որ այո՛ գերիների հարցը այսօր առաջնային է, քանզի դա ազդում է ժողովրդի ընդհանուր բարոյահոգեբանական վիճակի վրա։ Հիշեցնենք, որ 2005 թվականին Լեհաստանը ճանաչել և դատապարտել է հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը։