Արևմտյան Հայաստանի Դերսիմի Հալվորի գյուղը հայտնի է իր բնական գեղեցկությամբ, ժայռերով ու առվակներով: Ինչպես շատ շրջաններ, Հալվորին նույնպես Դերսիմի ջարդերի ժամանակ ականատես է եղել մեծ տառապանքների։ Հալվորին դերսիմցիների համար սրբավայր է: 

Ժողովրդական լեզվով այս վայրը կոչվում է «38 ժայռեր», որը ենթարկվել է օդային և ցամաքային հարձակումների: Այս վայրագ գործողությունների և մարդկանց սպանդի միակ  պատճառն այն էր, որ 1937 թվականի մարտի 21-ին Հայդարան և Դեմանան ցեղերի վրա Պախ կամուրջի մոտ  վրա հաևձակում եղավ, որից հետո մի քանի ցեղերի առաջնորդներ, այդ թվում՝  Սեյիդ Ռըզան, Հալվորիի Մնձուր գետի վրա երդվեցին   ընդդիմանալ ռազմական գործողություններին։

Նախկինում մեծամասամբ հայաբնակ Հալվորի  գյուղը գտնվում էր զառիթափ վայրում, որին կցված էին Վանք և Բալի գյուղերը։ Հայտնի է, որ 1938 թվականի ջարդերի ժամանակ այստեղ սպանվել են 420 հայ և ալևի, այդ թվում՝ երեխաներ։ Գյուղի 9-րդ դարի Սուրբ Կարապետ վանքը, որը 1915 թվականից հետո միակ վայրն էր, ուր  հայերը կարող էին երկրպագել Աստծուն, կողոպտվեց և այրվեց։ Եկեղեցու առջև բերված կանանց, տղամարդկանց և երեխաներին լուսանկարում են։ Մի քանի ժամ անց նրանց նույնպես տանում են սպանելու։ Հայերից ողջ մնացած 9-10 հոգի, այդ թվում՝ երեխաներ, փախչում են անտառ։ Սակայն ռազմական գործողության ավարտից հետո պետությունը հավաքում է նրանց և ուղարկում աքսոր՝ Խարբերդում նստեցնելով գնացք։

Նեզահաթ և Քազըմ Գյունդողանների նկարահանած «Դերսիմի կորուսյալ աղջիկները» վավերագրական ֆիլմում  Հալվորիի ջարդից փրկված Սուլթան Դեմիրը այսպես է պատմել այդ կոտորածի մասին, որին ականատես է եղել մանուկ հասակում. «Մենք գյուղում էինք, դաշտում գարի էինք հավաքում: Զինվորները հավաքեցին բոլոր տղամարդկանց ու տարան գետի ափ։ Նրանց թվում էր եղբայրս։ Նրանք բոլորին մորթեցին, իսկ դիակները ջուրը նետեցին:  Ներքևից եկած զինվորները մեզ տարան գյուղ և մեզնից ցուցմունք վերցրեցին: Կարծեցինք, որ այս անգամ մեզ կսպանեն։ 

Հետո մեզ տարան դեպի անդունդի խորքը։ Տարօրինակ տեղ էր՝ ամենուրեք կանանց դիակներ էին…այնքան շատ դիակ կար: Այդ դիակների մեջ երեխաներ էլ կային: Չգիտեմ արդեն տղա էին, թե աղջիկ, դիակների միջից լաց էին լինում։ Հետո  սկսեցին մեզ ուսումնասիրել: Ես ուղղակի փախա,  ինձ հետ մի աղջիկ էլ փրկվեց։ Տեսա, որ քարի տակ թաքնված է Դղսո հորաքույրս՝ իր երեք տղաների հետ։ Հորաքույրս, տեսնելով ինձ լաց եղավ: «Դու որտեղի՞ց եկար։ Ներքևում արյունոտ ջուր  է հոսում։ Դիակներով լի է»,- ասաց նա։ Ես ասացի. «Նրանք մերոնց բոլորին սպանեցին ու նետեցին ջուրը»։

1938-ին ես տասը տարեկան էի։

Մեկ օրում 217 մարդ սպանվեց

Ճշգրիտ թիվ չկա, թե քանի մարդ է սպանվել Հալվորիում։ Սակայն տարիներ անց հրապարակվում է սպանդի պահին այնտեղ գտնվող մի սպայի լուսանկար։ Լուսանկարի հետևում 1938 թվականի օգոստոսի 14-ին արված մի գրություն կա, որտեղ նշվում է, որ այդ օրը սպանվել է 217 մարդ։ 

Ամեն տարի մայիսի չորրորդ օրը, երբ նշվում է Դերսիմի ցեղասպանությունը, հասարակական կազմակերպություններն ու քաղաքական կուսակցությունները գալիս են Հալվորիի «38 ժայռեր» կոչվող ժայռի մոտ և մեխակներ են նետում Մնձուր գետը՝ ի հիշատակ սպանվածների։

Յըլմազ Քայա. Դերսիմ