Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքը գտնվում էր Խարբերդի նահանգի համանուն գավառում՝ Արածանու ձախ ափին։ «Խարբերդ» տեղանունը ստուգաբանվել է որպես քար և բերդ բառերից կազմված անվան ձևափոխություն։
Խարբերդում պեղված հնագույն դամբարանները թվագրվում են մ.թ.ա. XX-XVIII դարերով: Խարբերդի բերդը հիմնադրել են ուրարտացիները մ․թ․ա․ IX-VIII դարերում։ XIX դարի վերջին, XX դարի սկզբին թուրք բարբարոսները հիմնահատակ արեցին Խարբերդի բերդը։
Թուրքական տիրապետության շրջանում սաստկացավ բնիկների՝ հայերի կեղեքումը։ Վիճակը հատկապես ծանրացավ XVI դ վերջին, երբ իշխող վերնախավի կամայականությունների, ենիչերինների բռնությունների և կրոնական հալածանքների հետևանքներով ծայրահեղորեն քայքայվեցին արտադրողական ուժերը։ Ապրուստի միջոց որոնելով՝ նրա բնակչության զգալի մասը շարժվեց դեպի կայսրության արևմտյան սահմանները։ 1617 թվականին Խարբերդը հիմնահատակ կործանեց և բնակիչներին սրի քաշեց Չոփան օղլի բեկը։ XVIII դարում Խարբերդը և շրջակայքը մտնում էին Սեբաստիայի վիլայեթի մեջ։ Այդ ժամանակ Խարբերդը նորից դարձավ մարդաշատ քաղաք՝ հիմնականում շրջակա գավառների հայերի հաշվին։
Խարբերդի բնակչությունը զբաղվում էր արհեստներով, երկրագործությամբ, առևտրով։ Խարբերդը եղել է հայ մշակույթի նշանավոր կենտրոն։
1915 թ․-ի հուլիսին սկսվեց հայերի զանգվածային բնաջնջումը։ Ցեղասպանությունից փրկվածները հաստատվեցին տարբեր երկրներում։ Փրկվածների մի մասը հաստատվեց Խորհրդային Հայաստանում։