Դիզափայտ լեռը գտնվում է Արցախի Հադրութի շրջանում: Բարձրությունը 2478 մ է։  Դիզափայտն Արցախի պատմական սրբավայրերից է։ Գագաթին հիմնված է Կատարո վանքը, որը վերջին տվյալներով ադրբեջանցիների կողմից օգտագործվում է ռազմական նպատակներով։

Ըստ ավանդության, սարի գագաթին, հինավուրց Կատարո վանքի տեղում, 4-րդ դարում նահատակվել են բազմաթիվ քրիստոնյաներ։ Նորահավատներին դիզել են ինչպես փայտը և այրել (այստեղից էլ լեռան անունը)։ 4-5-րդ դարերում լեռան կատարին կառուցվել է Կատարավանքը (Կատարո)։ Լեոն գրում է, որ այն եղել է Դիզակ գավառի առաջնորդանիստը: Պատմական աղբյուրների վկայությամբ,  լեռը սրբացված է եղել վաղնջական ժամանակներից:

Այս լեռը հայտնի է նաև իր սառնորակ աղբյուրներով, որոնք կենարարություն են հաղորդում մարդուն՝ այս դժվարանցանելի լեռը բարձրանալիս։