ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի (Սարկիսյան) գլխավորությամբ: Հանդիպման նպատակն էր քննարկել Շառլ Ազնավուրի 100-ամյակին (2024 թ.) նվիրված միջոցառումների ծրագիրը, համագործակցության ուղիները:

Քրիստինա Ազնավուրի տեղեկացմամբ՝ ֆրանսիական կողմը նախապատրաստական աշխատանքների փուլում է. մինչև 2024 թ.-ը Ֆրանսիայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը, որի նախագիծն արդեն պատրաստ է, նախատեսվում է անցկացնել խոշորամասշտաբ համերգ, բացել Ազնավուրի կենսագործունեությանը նվիրված ցուցահանդես: Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման փուլում է Հայաստանում ևս Ազնավուրի արձանը տեղադրելու հարցը: «Ազնավուր» հիմնադրամի տնօրենն առաջարկել է բոլոր միջոցառումներն անցկացնել Ֆրանսիայի հետ զուգահեռ, այդ թվում՝ արձանի տեղադրումը:

Արթուր Մարտիրոսյանը ուրախությամբ փաստել է, որ հայաստանյան կողմը սիրով կհամագործակցի հիմնադրամի հետ միջոցառումների ծրագիրն իրականացնելիս, և աշխարհահռչակ շանսոնյեի հոբելյանը Հայաստանում կնշվի նույնքան վառ, որքան Ֆրանսիայում:

Արևմտյան Հայաստանը հպարտ է, որ արժևորում են մեծանուն այս հային։ Շառլ Ազնավուրը այն հազարավոր հայերից մեկն է, ով ծնվել է մցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ընտանիքում, այնուհետև իր գործունեությամբ պայքարել, որպեսզի ճանաչվի և դատապարտվի մարդկության հանդեպ չարիքը։