«Որպէս Գլենդելի քաղաքապետ, որոշեցի խորհրդանշական կապ ամրագրել Գլենդելի և Արցախի Հանրապետութեան Մարտունի քաղաքի միջև: Երբ Ապրիլին ստանձնեցի քաղաքապետի պաշտոնը, նամակ ստացա, որտեղ Մարտունու քաղաքապետն առաջարկում էր հաստատել քույր քաղաքների կարգավիճակ: Ես ներկայացրեցի առաջարկը քաղխորհրդի նիստում, և հուսով եմ, որ մինչև Հոկտեմբեր այն կհաստատվի», «Ասպարէզ»ի հետ բացառիկ հարցազրույցում հայտնեց Գլենդելի քաղաքապետ Արտաշէս Քասախեանը: «Գրեթէ մէկ շաբաթ չի անցնում, առանց լուրերի, որ թուրք-ադրբեջանական ուժերի կողմից հարձակում է իրականացուել Արցախի հայ խաղաղ բնակավայրերի վրա: Եվ մենք այստեղից, ինչպէս պատերազմի ժամանակ, երբ հեռուից ենք հետևում գործընթացներին, զգում ենք մեզ թույլ՝ անկարող լինելով շոշափելի օգնություն ցուցաբերելու: Գլենդելից մի քանի բժիշկներ պատերազմի ժամանակ առաջնագծում էին, և առաջին օգնություն էին ցուցաբերում մեր զինվորներին», նշում է Քասախեանը։ Նա հայտնում է, որ ինքն էլ որպես քաղաքապետ, որոշել է Գլենդելի և Մարտունու միջև քույր քաղաքների կարգավիճակի հաստատումով ներդրում ունենալ Արցախում: «Այս քայլը ցույց է տալիս, որ մենք  նման հարաբերություն ունենք ոչ միայն այն քաղաքների հետ, որ գտնվում են Հայաստանի սահմաններում, ինչպես նաև՝ Արցախում, որ ինքս համարում եմ Հայաստանի, մեր պապենական հողերի և նրանց ժառանգության մաս, անկասկած է այն փաստը, որ Արցախը հայկական հող է, և Մարտունին հայկական քաղաք, որն ունեցել է, ունի, և պետք է ունենա հայ բնակչություն»: