Հին Թաղերը հայկական մեծ պատմություն ու մշակութային ժառանգություն ունեցող գյուղերից է, ինչի մասին են վկայում գյուղում և դրա շրջակայքում պահպանված հուշարձանները։

Հայտնի է, որ Հին Թաղերի բնակիչների մի մասն այստեղ է գաղթել Պարսկահայաստանի Խոյի, Սալմաստի գյուղերից 1829 թ-ին։

Խորհրդային շրջանում՝ Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելուց հետո, Հին Թաղերը գտնվում էր ԼՂԻՄ-ի Հադրութի շրջանի կազմում։

1974 թ․ գյուղն ուներ 350, իսկ 1980 թ․՝ 255 հայ բնակիչ։ 

1988 թ․ Հին Թաղերում կազմավորվել է ինքնապաշտպանական ջոկատ (հրամանատար՝ Հ․ Ամիրյան), որը 1991 թ․ հուլիսից կոչվել է «Վրիժառու»։ Ջոկատը համալրվել է այդ ժամանակ բռնազավթված Արևշատ ու Խանձաձոր գյուղի կամավորականներով։ 1992 թ․ հուլիսին ջոկատը փոխակերպվել է Հին Թաղերի առանձին վաշտի, իսկ սեպտեմբերին Հին Թաղերի, Խծաբերդի, Տումիի և Մոխրենեսի ջոկատների հիման վրա ստեղծվել է Հադրութի ՊՇ գումարտակներից մեկը։ Այն մասնակցել է «Սանգարի խութ», «Շռշռան» և «Գյարդան» դիրքերի ինքնապաշտպանությանը, ինչպես նաև Հադրութի, Կովսականի, Ջրականի շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։

2020 թ. Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով Հին Թաղերը օկուպացվել է Ադրբեջանի կողմից։

Leave a Reply