ԱՄՆ պետքարտուղարը, ինչպես նաև ամերիկացի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բոլոր մակարդակներում շարունակում են աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ շարունակելով առաջարկել ամերիկյան կողմի աջակցությունը՝ հանուն երկարաժամկետ ու համապարփակ խաղաղության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը:

Լրագրողը նրան հիշեցրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օրերս հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ վերահաստատելով կողմերի միջև առկա գործընթացին աջակցելու պատրաստակամությունը: Նա հետաքրքրվել է, թե արդյոք դա նշանակում է, որ ԱՄՆ պետքարտուղարության կողմից արված նախկին նման առաջարկները մերժվել էին, ինչին ի պատասխան Փրայսը պատասխանել է. «Ոչ, դա այդպես չէ: Դա նշանակում է, որ մենք կարողացել ենք հասնել որոշակի առաջընթացի, և մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ շարունակական շփումների ու դիվանագիտական բանակցությունների միջոցով, կարծում ենք, որ կարող ենք շարունակել այս ընթացքը: Լրագրողի դիտարկմանը, որ ի տարբերություն պետդեպի, որն իր հայտարարությունների մեջ շարունակաբար հիշատակում է խնդրի կարգավորման գործընթացում միջնորդ մարմնի՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի մասին, Ադրբեջանի նախագահն ամեն օր վատաբանում է այն, Փրայսը պատասխանել է. «Մենք մեր հայտարարությունների մեջ հստակ ասել ենք, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այս երկու երկրներին ու համախոհ գործընկերներին ցանկացած տարբերակով կամ ձևաչափով, որն արդյունավետ կլինի: Մենք 1994 թվականից Մինսկի խմբի համանախագահ ենք, բայց ինչպես արդեն ցույց ենք տվել, մենք նաև ցանկանում ենք երկրների հետ ներգրավվել երկկողմ ձևաչափով՝ օգնելու Հայաստանին ու Ադրբեջանին գտնել երկարաժամկետ, համապարփակ խաղաղություն»:

Արևմտյան Հայաստանը գտնում է, որ ցանկացած փոխգործակցության մեջ պետք է պարտադիր հաշվի առնել ազգային շահերը։ Պետք է հիմնվել բնիկության վրա և այդ իրավունքներով միջազգային հանրությանը ցույց տալ այն իրական տարածքները, որտեղ բնիկ հայերը ապրել և ցեղասպանվել են, լինել պահանջատեր և միայն այս կերպ հասնել իրական արդյունքի։

Leave a Reply